Home / Տեսանյութեր / Մեծ Այրումի բնակիչների ինքնազգացողությունը վատացել է լեռնահարստացման կոմբինատի պատճառով

Մեծ Այրումի բնակիչների ինքնազգացողությունը վատացել է լեռնահարստացման կոմբինատի պատճառով

Արդեն բավական երկար ժամանակ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Մեծ Այրում գյուղի բնակիչներն ահազանգում են, որ իրենց բնակավայրին մոտ գտնվող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) պատճառով գյուղացիների զգալի մասն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Մեծ Այրում համայնքը 1.170 բնակիչ ունի։ Ըստ համայնքի բնակիչների՝ խնդիրների պատճառը ԼՀԿ-ի պոչամբարներն են, որոնք անմիջապես գյուղի մոտով են անցնում։

Վերջին ամիսներին Մեծ Այրումի բնակիչները գանգատվում են մշտական գլխացավերից, սրտխառնոցից, ընդհանուր թուլությունից, բացի դա, բնակիչների մի մասի մոտ թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Թոքերի հետ կապված խնդիրներից հատկապես բողոքում են պոչամբարի հարակից տների բնակիչները՝ դա կապելով ամռան օրերի հետ։ Բանն այն է, որ տաք օրերին պոչամբարներում գոլորշիացում է տեղի ունենում, ինչի հետևանքով առավել թունավոր նյութեր են արտանետվում ու վտանգում մարդկանց առողջությունը։

«Հրապարակ»-ը նշում է, որ Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը ևս անհանգստացած է խնդրով։ Նրա խոսքով՝ դիմել է բոլոր պատկան մարմիններին, բարձրաձայնել խնդրի մասին, միայն վերջին մեկ ամսում քսանից ավելի բնակիչներ են դժգոհել առողջական խնդիրներից:

««Թունավորված» այս գյուղը միակը չէ։ Դեբեդ գետի Ախթալայից մինչև Այրում տանող հատվածը վառ դեղին գունավորում ունի։ Այս տարածքի բնակիչները չեն բարձրաձայնում խնդրի մասին, քանի որ բնակիչների մեծ մասն աշխատում է հենց այս կոմբինատներում», – գրում է թերթը՝ նշելով, որ հարակից գործարանների և լեռնահարստացման կոմբինատի պոչամբարներն ուղղակի կառուցված են գետի վրա, կեղտաջրերը՝ թունավոր նյութերի հետ միասին, անմիջապես լցվում են Դեբեդ գետը։

«Հրապարակ»-ն ընդգծում է, որ եթե չլինեչ Մեծ Այրում գյուղի բնակիչների առողջական վիճակի կտրուկ վատացումը, գուցե, նրանք էլ չբարձրաձայնեին խնդիրների մասին:

Նշենք, որ Ախտալայի ԼՀԿ-ն պատկանում է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանին, ով երկու տարի առաջ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման մանկապղծության համար: Անցյալ տարի լեռնահարստացուցիչ կոմբինատի նախկին գլխավոր էներգետիկ Վլադիմիր Խիտարովը ecolur.org-ի հետ զրույցում բարձրաձայնել էր Ախթալայի ԼՀԿ-ի խնդիրները:  

Tekali Taxi