հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ազատամարտիկին սպառնացել ու հայհոյել են. նա վստահ է, որ իրեն սադրում են հանրահավաքից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատամարտիկին սպառնացել ու հայհոյել են. նա վստահ է, որ իրեն սադրում են հանրահավաքից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին օրերին ազատամարտիկ Արթուր Բունիաթյանին սպառնում են, խանգարում նրա ընտանիքի անդորրը: Ազատամարտիկը համոզված է, որ դա սադրանք է:

Վետերանների միության անդամ, ազատամարտիկ Արթուր Բունիաթյանի ու նրա ընտանիքի նկատմամբ վերջին օրերին անհայտ անձանց կողմից իրականացվող  սադրանքները ուղղորդված են կոնկրետ մարդու կամ կազմակերպության կողմից: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկը՝ հավելելով, որ ինչ-որ մարդիկ նպատակ ունեն իրեն ներքաշելու կեղտոտ խաղի մեջ, իսկ ավելի կոնկրետ՝ «փակելու»:

«Ես սա վերագրում եմ վերջին ամիսներին իմ ծավալած գործունեությանը: Իմ դեմ ուղղված կոնկրետ գործողություն է, ամեն կերպ փորձում են ինձ սադրել և հունից հանել: Կարծում եմ, որ սա կապված է հուլիսի 28-ին Ազատության հրապարակում ազատամարտիկների հրավիրած հանրահավաքի հետ՝ ամեն ինչ անելու են, որ ես տեղում չլինեմ», – պատմել է մեր զրուցակիցը:

Նա նշել է, որ վերջին շրջանում ակտիվ գործունեություն է ծավալել՝ պաշտպանելով ազատամարտիկների և նրանց ընտանիքների իրավունքները: Թեև Բունիաթյանը չի նշել, թե ում է կասկածում, սակայն վստահ է, որ իրեն ցանկանում են հունից հանել և վատ արարքի դրդել:

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է 2 օր առաջ, երբ հնչել է իրենց տան դռան զանգը և դուռը բացելուց պարզվել է, որ շքամուտքում ոչ ոք չկա: Սկզբում Բունիաթյանը դա պատահականություն է համարել:

«Երեկ արդեն, երբ տանը հյուրերի ներկայությամբ դուռը զանգ տվեցին, կինս բացեց՝ դռան վրա հին լինոլեում են դրել, որն ընկավ կնոջս գլխին: Հետո նայում ենք՝ իզոլենտ է կախված դռան վերևը ու ճոճվում է, մի խոսքով՝ ծաղրանքների շղթա: Հետո զանգ է եղել, բացել ենք դուռը, ու հին սառնարան ենք տեսել մուտքի մոտ: Դրանից հետո ծռում են մեքենաս, քաշքշում ակումուլյատորը, որը վառվում է: Շենքի բնակիչներից մեկը պատճառաբանել է, թե սիգնալիզացիան միացել է, ու իրենք փորձել են անջատել: Այսինքն՝ հարևանս հարկ չի համարում ինձ զգուշացնել, որ ես անջատեմ, ինքն է փորձում դա անել՝ կոտրելով մեքենայի կապոտը», – պատմել է մեր զրուցակիցը:

Նա նշել է, թե սադրիչ գործողություններն իրականացնողներն իրենց թաղամասի երիտասարդներից են, նրանցից մեկն էլ իրենց շենքից է:

«Իրենց հետ ընդհանրապես ոչ մի խնդիր չեմ ունեցել, անգամ շփում չեմ ունեցել, ու սա միանգամայն արվում է, որ ես ձեռքերիս ուժ տամ: Բոլորն էլ նկատել են՝ ոնց է նրանցից մեկը հայհոյում ինձ ու կնոջս, անպատիվ խոսքեր ասում, սիգարետը շպրտում է կնոջս վրա: Դա էլ բավական չէ, ասում է՝ «հաջորդ անգամ էս մեքենան մեր հայաթում կանգնած լինի, ոչ թե կապոտը կջարդեմ, այլ գլուխդ կջնջխեմ», –  ասել է Բունիաթյանը:

Ազատամարտիկը նշել է, թե ինքն առանց դժվարության անձամբ կպատժեր նման լպիրշներին, եթե համոզված չլիներ, որ սադրանքն ուղղորդված է կոնկրետ անձի կողմից: Նա ասել է, որ որոշել է պատժել մեղավորներին օրենքի սահմաններում և այսօր գնացել է ոստիկանության Մաշտոցի բաժին բացատրություն գրելու: Բունիաթյանը նշել է, թե ոստիկաններն այսօր բերման են ենթարկել իրենց սպառնացող Հայկ անունով երիտասարդին:

«Եթե ոչ հիմնավոր տվյալ երիտասարդին բաց թողեցին, ես ինքս կզբաղվեմ ինքնագործունեությամբ ու հետագայում եթե պրոբլեմ լինի, թող պետությունը, իշխանությունն ու առհասարակ ներքին գործերը ինձ չմեղադրեն: Հիմա ներքին գործերում սա զուտ վերագրվելու է որպես մեքենայի վնասի հետ կապված միջադեպ, ու երիտասարդին բաց կթողնեն», – կարծիք է հայտնել Բունիաթյանը: 

Նրա խոսքով՝ ինքն առայժմ սպասելու է, թե ինչ շարունակություն կլինի և ինչ ընթացք գործին կտան իրավապահ մարմինները: