2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Վրաստանի խորհրդարանի շենքում ռումբ են փնտրում. մարդկանց տարհանել են

Կուտաիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքից տարհանում են մարդկանց ներսում տեղադրված ռումբի մասին հայտարարությունից հետո, հայտնում է News Georgia-ն:

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին հաստատել է տվյալ տեղեկությունը: Նրա խոսքով՝ ժամը 16.00-ի սահմաններում անհայտ անձը զանգահարել է և տեղեկացրել ռումբի մասին:

Պարբերականի աղբյուրը հաստատել է, որ ներկա պահին տեղի է ունենում պատգամավորների, խորհրդարանի աշխատակազմի և լրագրողների տարհանում:  

Օրենսդրական մարմնի ներկայացուցիչ Դավիդ Ուսուպաշվիլին քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ տարհանումը մի քանի րոպեից կավարտվի:

Նա նաև նշել է, որ խորհրդարանի շենքում ռումբի առկայությունը քիչ հավանական է: «Մասնագետների խոսքերով՝ շենքում ռումբի առկայության հավանականությունը մեծ չէ, սակայն անհրաժեշտ է ստուգել»,- ասել է Ուսուպաշվիլին:

Ըստ Ուսուպաշվիլիի՝ Վրաստանի խորհրդարանը աշխատանքը կշարունակի շաբաթ օրը: