Home / Տեսանյութեր / Շահերի բախո՞ւմ ուղեվարձը բարձրացնելիս. հակակոռուպցիոն կենտրոնը Տարոն Մարգարյանի մասին հարցեր է ուղղել

Շահերի բախո՞ւմ ուղեվարձը բարձրացնելիս. հակակոռուպցիոն կենտրոնը Տարոն Մարգարյանի մասին հարցեր է ուղղել

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին հետաքրքրում է՝ արդյոք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ուսումնասիրում է մամուլի հրապարակումները Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով պատասխանել Տարոն Մարգարյանի ունեցվածքին վերաբերող հարցերին: ԹԻՀԿ-ը, մասնավորապես, հարցրել է, թե արդյոք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են  ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների վերաբերյալ, վերլուծվել և համադրվել են  նրա և նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ: Կենտրոնը նաև հետաքրքրված է՝ արդյոք համադրվել են Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ և ի՞նչ հետևություններ են արվել:

ԹԻՀկ-ը նաև հարցրել է՝ արդյոք ուսումնասիրվել են մամուլում տեղ գտած հրապարակումները, և եթե այո, դիտարկվել են արդյոք դրանցից բխող՝ շահերի բախման վերաբերյալ հնարավոր կասկածները:

«Չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները` առաջացնելով շահերի բախման ռիսկ, և եթե այո, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` դիմե՞լ է արդյոք Տարոն Մարգարյանը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին` կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդեu գալու անհրաժեշտության մաuին պարզաբանում ստանալու նպատակով:

Ընդ որում, եթե վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ հարուցվել է վարույթ և եղել են ուսումնասիրություններ, ԹԻՀԿ-ը խնդրում է տրամադրել դրանց արդյունքները, իսկ եթե ոչ` ապա հիմք ընդունելով իր դիմումը՝ հանձնաժողովի լիազորությունների շրջանակում պարզել մամուլի հրապարակումներում նշված փաստերի համապատասխանությունը իրականությանը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հարուցել վարույթ՝ պարզելու.

– ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելիս քաղաքապետը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ,

– ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները:

Գույքի և եկամուտների աղբյուրների օրինականությունը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի լիազորություների շրջանակում պարզելու անհնարինության դեպքում ԹԻՀԿ-ն առաջարկում է դիմել իրավապահ մարմիններին», – ասված է ԹԻՀկ-ի հայտարարության  մեջ:

Հայտարարության հեղինակները նաև հիշեցնում են, որ Տարոն Մարգարյանի գույքի ու եկամուտների և դրանց ձեռքբերման աղբյուրի օրինականության վերաբերյալ կասկածները և մամուլում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները սկիզբ առան պարոն Մարգարյանի կողմից իր գույքի և եկամուտների հայտարարագիրը (2012թ. մարտի 1-ից մինչև 2013թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) որպես Երևանի ավագանու թեկնածու ԿՀԸ ներկայացնելուց հետո:

«Մինչդեռ, ըստ ՀՀ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2011 թ. և 2012 թ. գույքի և եկամուտների հայտարարագրի, պարոն Մարգարյանը, որպես սեփականություն, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք կամ եկամտի այլ աղբյուր՝ աշխատավարձից բացի: Համադրելով Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած և պաշտոնապես հրապարակված հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ՝ ստեղծվում է տպավորություն, որ այդ ողջ շարժական և անշարժ գույքը ձեռք է բերվել 2013 թ. հունվար-փետրվար  ամիսներին», – եզրափակում են հայտարարության հեղինակները: 

Tekali Taxi