Home / Տեսանյութեր / Քաղաքապետարանի մոտ նստացույց անցկացնողները գտել են ջրից պաշտպանվելու տարբերակը (ՖՈՏՈ)

Քաղաքապետարանի մոտ նստացույց անցկացնողները գտել են ջրից պաշտպանվելու տարբերակը (ՖՈՏՈ)

Երևանի քաղաքապետարանի մոտ 3 երիտասարդներ 4-րդ օրն է շուրջօրյա նստացույց են անցկացնում: Նրանք գտել են պարբերաբար առաջացող խնդիրը լուծելու տարբերակը:

Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող կանաչ տարածքում պարբերաբար միացնում են ոռոգման համակարգերը, և ջուրը լցվում է մայթին` հասնելով երիտասարդներին, որոնք Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց են անցկացնում՝ պահանջելով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը: Բողոքողները Հենրիկ Նավասարդյանի հրաժարականի պահանջով պաստառներով ծածկում են խոտի մեջ տեղադրված ջրցան սարքը:

Նստացույցի մասնակիցներ Վահագն Մինասյանը, Գոռ Առաքելյանը և Սուրեն Սահակյանը համոզված են, որ խոտածածկը հաճախակի ջրում են իրենց հունից հանելու և նյարդայնացնելու նպատակով, սակայն իրենք հանգիստ են վերաբերվում դրան:

«Վճարում ենք 100 դրամ» շարժման վերոնշյալ երեք ակտիվիստներն այսօր հայտարարություն են տարածել, որում վերահաստատում են իրենց պահանջները:

«Պահանջում ենք պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: Այս պահանջի վրա կենտրոնացումը բոլորովին չի նշանակում, որ անտեսվում են հանրային տրանսպորտին վերաբերվող «Վճարում ենք 100 դրամ»-ի մյուս պահանջները: Այս պայքարի ընթացքում մենք ունեինք խնդիր, որը միահամուռ ուժերով կարողացանք ժամանակավորապես կասեցնել: Այդ գործընթացի ժամանակ հանրությանը փորձում էին խոչընդոտել մարդիկ, որոնց ղեկավարում էին Հենրիկ Նավասարդյանը և Միսակ Համբարձումյանը: Ակցիաների խափանման գործում նրանք աչքի էին ընկնում քրեական տարրերին բնորոշ գործելաոճով: Սույն պաշտոնյաները տվյալ ոլորտում հանդիսանում են առանցքային կերպարներ և նման մարդկանց գոյությունն իսկ հնարավոր ստեղծվելիք հանձնաժողովներում վտանգի տակ է դնում հանրության շահերի պատշաճ պաշտպանությունը որոշումների կայացման ժամանակ: Նման արժեհամակարգով անձինք իրավունք չունեն, ոչ միայն գտնվել այդպիսի պատասխանատու պաշտոններում, այլև ընդհանրապես մոտ լինել պետական կառավարման որևէ օղակի: Մենք չենք կարող հանդուրժել, որ քաղաքացուն ծեծող, հայհոյող, արհամարող անձը շարունակի պաշտոնավարել: Այդ պաշտոնյաների հեռացումը պետք է դառնա նախադեպ հաճախակի հանդիպող անպատժելիությունը կանխարգելելու համար:

Պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից անհապաղ գրավոր և մանրակրկիտ արձագանքել «Վճարում ենք 100 դրամ»-ի ներկայացված պահանջագրին: Այդ պատասխանի տրամադրումը բխում է օրենքի պահանջներից: Վերահաստատում ենք, որ նստացույցի նպատակներին հասնելու համար վճռական ենք և այն տևելու է այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները կատարվեն: Մեր բոլոր գործողություններն ուղղված են ապօրինություն գործած պաշտոնյաների պաշտոնանկությանը և Երևանում հանրային տրանսպորտի ոլորտի արմատական բարեփոխմանը», – նշված է հայտարարության մեջ:

Ակտիվիստները գիշերում են մեքենայում

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին  Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել 50 դրամով բարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Մի քանի օր տևած բողոքի ակցիաների հետևանքով, որոնց հազարավոր մարդիկ էին մասնակցում, քաղաքապետարանը որոշել է ժամանակավորապես կասեցնել որոշումը: Դրանից հետո, սակայն, «Վճարում ենք 100 դրամ» շարժումը որոշել է շարունակել բողոքի ակցիաները՝ նոր պահանջներ ներկայացնելով

Tekali Taxi