Home / Հայաստան / Գերի ընկած հայ զինվորի արարքում հանցակազմ չկա. ՊՆ

Գերի ընկած հայ զինվորի արարքում հանցակազմ չկա. ՊՆ

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանի մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով (մարտական հերթապահության կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդել, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:

Հիշեցնենք, որ, պաշտոնական վարկածի համաձայն, Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: Երեկ տարածած հայտարարության մեջ ՀՀ ՊՆ-ն ընդգծել է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿՄԽԿ) Բաքվի գրասենյակը մինչ օրս որևէ հնարավորություն չի ունեցել այցելել ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն, ինչը նման մանդատ և հեղինակություն վայելող կազմակերպության դեպքում հայկական կողմը առնվազն մտահոգիչ է համարել:

«ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովն իր մտահոգությունն է արտահայտում ստեղծված իրավիճակի շուրջ և կոչ է անում ԿԽՄԿ-ին ակտիվացնել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ջանքերը», – նշված է ՊՆ-ի հայտարարության մեջ:

Tekali Taxi