Home / Տեսանյութեր / Լրագրողին վիրավորած ոստիկանին նոր պաշտոն են տվել. նրա վերադարձը կանխատեսում էին

Լրագրողին վիրավորած ոստիկանին նոր պաշտոն են տվել. նրա վերադարձը կանխատեսում էին

Ապրիլի վերջին ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը (կեղծանունը՝ Դոգ), նոր պաշտոն է ստացել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Նա ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում նշանակվել է ոստիկանապետի տեղակալ։ Թերթն ուշագրավ է համարում այն փաստը, որ նշանակումն արդեն քանի օր թաքուն է պահվում՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար։

Վարդան Ղուկասյանն աշխատանքից ազատվել է Հյուսիսային պողոտայում hetq.am կայքի լրագրող Անի Հովհաննիսյանի հրելու և վիրավորելու համար:

Նշենք, որ Դոգը, ով, ըստ տարածված տեղեկությունների, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մերձավորներից է, հանրության ուշադրության կենտրոնում առաջին անգամ հայտնվել էր 2011 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ վիճաբանել էր ակցիա անցկացնող բանակում զոհված զինծառայողների հարազատների հետ:

Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի

Վարդան Ղուկասյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, ոստիկանին հրավիրել էր հրապարակային բանավեճի: Ղազարյանը պնդել էր, թե Վարդան Ղուկասյանն իր հետ զրույցում տեղեկություններ էր հայտնել որդու սպանության մասին, որից հետո մամուլում հերքել էր, թե նման զրույց է եղել:  Epress.am-ի հետ զրույցում Ղազարյանը նշել էր, որ պահանջում է պատժել Ղազարյանին զրպարտության համար և արգելել նրա գործունեությունը ոստիկանական կառույցում: Զոհված զինվորի մայրը պնդել էր, որ Դոգը ոչ պաշտոնապես շարունակում է համակարգում մնալ, ու քանի որ շատ բան գիտի, նրան համակարգից վերջնականապես չեն հանի:

Tekali Taxi