Home / Տեսանյութեր / Վթարի համար դատապարտված վարորդը իրականում ուղևոր էր, պնդում են հարազատները

Վթարի համար դատապարտված վարորդը իրականում ուղևոր էր, պնդում են հարազատները

Քաղաքացին մեքենայի ղեկին չի եղել, մինչդեռ նրան 7 տարվա ազատազրկման են դատապարտել ավտովթարի համար, պնդում են հարզատները:

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ դատարանի անօրինականությունների դեմ բողոքի ակցիա էին անցկացնում մի խումբ հրազդանցիներ, ովքեր եկել էին Երևան՝ կառավարությանը և նախագահին հայտնելու, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության  դատարանը անհիմն դատավճիռ է կայացրել Մկրտիչ Դանիելյանի դեմ՝ նրան 7 տարի ազատազրկման դատապարտելով, իրենց խոսքով, չկատարած հանցանքի համար:

Խոսքը 2008 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ավտովթարի գործի մասին է, որի հետևանքով  Հրազդանի Ջրառատ գյուղի բնակիչներ 40-ամյա Տիգրան և 19-ամյա Աբրահամ Բակլաչյանները մահացել են:

Հուլիսին հրապարակվել է դատավոր Վաղինակ Մկրտչյանի դատավճիռը, որով 31 ամյա Դանիելյանը դատապարտվել է ազատազրկման, սակայն, հարազատների խոսքով, նա ընդամենը վթարը հարուցած մեքենայի պատահական ուղևոր է եղել, ում վարորդը՝  Գագիկ Հովսեփյանը, համաձայնել է տանել իր հետ Երևան: Իսկ ինքը՝ վարորդը, ոչ միայն չի դատապարտվել, այլև հիմա երկրում չէ և դատական նիստերին նույնիսկ չի ներկայացել: 

Դատապարտվածի մայրը՝ Արաքսյա Դանիելյանը, պատմել է, որ վթարից հետո՝ որդին, ով վարորդի կողքին է նստած եղել, դուրս է թռել մեքենայից. նա 6 օր կոմայի մեջ է եղել: Տիկին Արաքսյայի խոսքով՝ Հովսեփյանն իր նախնական ցուցմունքներում հաստատել է, որ ինքն է եղել ղեկին, սակայն հետագայում մեղադրականը կառուցվել է երկու վկաների ցուցմունքի վրա, ովքեր այլ բան են ասել: 

Դանիելյանի խոսքով՝ այդ վկաներից մեկը Հովսեփյանի հարազատն է, իսկ մյուսը՝ նրա հետ մտերիմ փաստաբան Անուշ Մկրտչյանի հարազատն է: 

«Մենք բողոքում ենք դատավոր Վաղինակ Մկրտչյանի և դատախազ Հակոբ Մարտիրոսյանի դեմ: Չորս փորձաքննություններից երեքը փաստել են, որ Մկրտիչը չի եղել ղեկին, դա իր մեքենան չի եղել: Ինքն է դուրս թռել, վարորդն է մնացել ղեկին: Այո, դժբախտություն է, և մեղավորը պետք է պատասխան տա: Դրանով պետք է շահագրգռված լինեն տուժողների հարազատները, ոչ թե մեկին քավության նոխազ սարքելով»,- ասել է Դանիելյանը:

Այսօր Վերաքննիչ դատարանում ընթանում է գործով վերաքննիչ բողոքի առաջին նիստը: Բողոքարկող կողմը ցանկանում է հանրային ուշադրություն հրավիրել գործի վրա և թույլ չտալ, որ անօրեն որոշումն ուժի մեջ մնա:

Կառավարությունում և Նախագահական նստավայրում բողոքի մասնակիցներին հստակ պատասխան չեն տվել՝ ասելով, որ գործը իրենց իրավասության ներքո չէ: Հիշեցնենք, որ սույն գործով ՀՀ Գխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են անցկացրել նաև տուժածների հարազատները: Նրանք բողոքում էին գործի քննության ձգձգումից: 

Tekali Taxi