Home / Տեսանյութեր / Ազատամարտիկները տարաձայնություններ ունեն. պայքարը երկու ուղղությամբ են շարունակելու

Ազատամարտիկները տարաձայնություններ ունեն. պայքարը երկու ուղղությամբ են շարունակելու

Իրենց սոցիալական պայմանները բարելավելու պահանջով մայիսից Ազատության հրապարակում նստացույց անցկացնող ազատամարտիկները հետագա քայլերի մարտավարությունը որոշելիս տարաձայնությունների են հանգել:

Նրանց մի մասը կարծում է, որ ազատամարտիկների շարժումը պետք է տարածել ողջ հանրապետությունում և միավորել բոլոր ազատամարտիկներին՝ հասնելով սոցիալական պայմանների բարելավմանը և պատերազմում զոհվածների ընտանիքների և ազատամարտիկների թոշակների բարձրացմանը: Մյուս մասը համոզված է, որ սոցիալական դաժան պայմանները խնդիր են բոլոր քաղաքացիների համար և պետք է զբաղվել բոլորի խնդիրներով՝ ոչ միայն ազատամարտիկների:

«Մենք կռվել ենք, որ ամբողջ ժողովրդի վիճակը լավ լինի, որ երկիրը բարգավաճի, միայն մեր թոշակը բարձրացնելով հարցը չի լուծվի: Մենք չենք լինի երջանիկ, եթե նույնիսկ մեր երեխաները  կուշտ լինեն, սակայն հարևան տատիկը՝ սոված»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը:

Ըստ նրա՝ պետք է համազգային մոբիլիզացիայի հասնել, որպեսզի բոլորը միավորվեն, պայքարեն իրենց իրավունքների համար: Բունիաթյանի խոսքով՝ կուսակցությունները նույնպես պետք է մի կողմ թողնեն իրենց առանձին շահերը և պայքարեն ժողովրդի համար: Թե ինչ եղանակով է Բունիաթյանը պատկերացնում իրավական պետության ստեղծումը, մեր զրուցակիցը դեռ չի ասել՝ հիմնավորելով, որ եղանակը կորոշվի համախմբումից հետո՝ բոլորի կողմից:  Ազատամարտիկը նշել է, որ իրենք բաց են լսելու բոլորի առաջարկները, կարծիքները և տասն օրը մեկ անցկացնելու են հանրահավաքներ, որոնցից հաջորդը կկայանա օգոստոսի 22-ին:

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը խնդրի վերաբերյալ այլ կարծիք ունի: Մեզ հետ զրույցում նա ասել է, որ գլոբալ խնդիրեր լուծելու բազում փորձեր արվել են 20 տարիների ընթացքում, սակայն ապարդյուն: Ըստ Ավետիսյանի՝ ավելի իրատեսական է փոքր քայլերով առաջ գնալը:

«Մենք եթե հասնենք մեր նախնական նպատակին՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավմանը, դա արդեն փոփոխություն կլինի, կոգևորի շատերին: Այդ պատճառով Ազատամարտիկների խորհուրդը դեռ այդ հարցով է  շարունակելու զբաղվել: Երկուշաբթի մենք մեկնելու ենք Վանաձոր՝ մի քանի օր նստացույցն այնտեղ շարունակելու: Այդպես  անցնելու ենք բոլոր մարզերով, որպեսզի տեղի ազատամարտիկները ևս նստացույցեր անեն և հետագայում հեշտ կլինի նրանց բոլորին մոբիլիզացնելը»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը:

Tekali Taxi