Home / Հայաստան / Ստամբուլում հայ կնոջ սպանության մեջ մեղադրվող Նազարյանը հրաժարվել է ցուցմունքից

Ստամբուլում հայ կնոջ սպանության մեջ մեղադրվող Նազարյանը հրաժարվել է ցուցմունքից

Հայկական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացի Մարիցա Քյուչյուքի սպանության միակ կասկածյալը հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները՝ ասելով, որ ոչինչ չի հիշում:

Նախաքննական ցուցմունքի ժամանակ, սակայն, նա ասել էր, որ «հնարավոր է՝ կնոջը սպանած լինի», գրում է Hurriyet Daily News-ը:

Կասկածյալը, ով նույնպես հայազգի է՝ 38-ամյա Մուրադ Նազարյանը, օգոստոսի 14-ին կայացած երկրորդ դատական լսման ժամանակ ասել է, որ տեղի ունեցած դեպքերը չի հիշում՝ ավելացնելով, թե ոստիկանական բաժանմունքում ցուցմունք է տվել «հոգեբանական ճնշման» տակ:

84-ամյա Մարիցա Քյուչյուքին Ստամբուլի Սամաթյա թաղամասում գտնվող իր տանը կոկորդը կտրելուց առաջ դանակի 7 հարված է հասցվել 2012 թվականի դեկտեմբերի 28-ին:

Նույն ամսին Սամաթյա և Բաքիրոյ թաղամասերում տարեց հայ կանանց վրա հարձակումների ևս երկու դեպք է գրանցվել:
Թուրքիայի քաղաքացի Նազարյանը մարտի 2-ին բերման էր ենթարկվել հարձակումներ կատարելու մեղադրանքով:

Քյուչյուքի պայուսակի վրա հայտնաբերված արյունը համընկել էր Նազարյանի արյան նմուշի հետ, իսկ Սամաթյայում հարձակման ենթարկված մեկ այլ կին ճանաչել էր նրան: Նազարյանը երկրորդ անգամ հարցաքննության էր ենթարկվել և տեղի ունեցած հարձակումների մասին մանրամասն ցուցմունք տվել:

Նազարյանի ընտանիքը անդամները հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ իրենք այս դեպքում նույնպես զոհեր են: «Մենք ուզում ենք՝ ճշմարտությունը բացահայտվի, որպեսզի մեր անունը մաքրվի»,- ասել է ընտանիքի անդամներից մեկը:

Նազարյանը նախկինում դատապարտվել է թմրանյութեր վաճառելու և կողոպուտի համար:

Գործը հետաձգվել է մինչև նոյեմբերի 14-ը՝ հետաքննության ծավալները ընդլայնելու նպատակով:

Tekali Taxi