Home / Տեսանյութեր / Ոստիկանությունում չեն ծեծել, դիմել են «մարտավարական հնարքների». դատ

Ոստիկանությունում չեն ծեծել, դիմել են «մարտավարական հնարքների». դատ

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է քաղաքացի Ռոբերտ Հովսեփյանին Ոստիկանության Կենտրոնի բաժնում ծեծի ենթարկելու գործով դատաքննությունը: Դատական նիստը սկսվել է դատախազի ճառով: Վերջինս միջնորդել է Հովսեփյանին ծեծած երկու օպեր-լիազորներին՝ Խաչիկ Բախբուդարյանին և Արտակ Բարսեղյանին մեղավոր ճանաչել և ազատազրկել 4 տարով՝ 2 տարի նախկին աշխատանքին վերադառնալու արգելքով:

Դատախազն իր ճառում նկատել է նաև, որ օպեր-լիազորներն անցել են իրենց լիազորությունները՝ բերման ենթարկվածին ծեծելով՝ մի շարք գողությունների մեջ խոստովանություն կորզելու համար, ավելին՝ դա արել են հոկտեմբերի 3-ին, մինչդեռ խախտումով արձանագրության մեջ գրել են, թե Հովսեփյանին բերման են ենթարկել միայն հոկտեմբերի 4-ին: 

Նշենք, որ  խոշտանգված Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու մեջ և դատապարտվել 7 տարվա ազատարկման:

Ինչպես Epress.am-ին փոխանցել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը, այսօրվա նիստին ճառել են ասել նաև օպեր-լիազորների պաշտպանները:

Արտակ Բարսեղյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը  դատարանին ասել է, որ ամբաստանյալները չեն ծեծել Հովսեփյանին, այլ միայն «մարտավարական հնարքների» են դիմել՝ փորձելով թույլ չտալ, որ նա փախնի ոստիկանության բաժնից:

Մյուս ամբաստանյալի պաշտան Արայիկ Ալավերդյանը, ասել է, որ այդ «մարտավարական հնարքներին» ամբաստանյալները դիմել են իրենց վերադասների հրահանգով:

Նշենք, որ դատարանի առջև օպեր-լիազորների հարազատները բողոքի ակցիա էին անցկանցում՝ պահանջելով արդար դատավճիռ և «անմեղ ամբաստանյալների ազատ արձակում»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին: ճառերով հանդես կգան ամբաստանյալները:

Tekali Taxi