Վերջին ամիսների ընթացքում Երևանում կայացած մի շարք բողոքի ակցիաները ոգեշնչել են ռեփեր Արսեն Նիկողոսյանին, ով հեղինակել է «Ազատություն» երգը:
Երգի տեսահոլովակում Արսենը կադրեր է օգտագործել ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներից, քաղաքապետարանի մոտ ընթացող նստացույցից, ազատամարտիկների նստացույցից, Կոմիտաս 5 հասցեում նախորդ շաբաթվանից ընթացող բողոքի ակցիաներից:
Երգում հեղինակը կոչ է անում երիտասարդությանը միավորվել և պայքարել Հայաստանի իշխանությունների կողմից ստեղծված բարքերի դեմ.
Ազատություն, դու ասա՝ ազատություն
Ազատություն, նոր պայքարի վեհ սկսում
Epress.am-ի հետ զրույցում Արսենն ասել է, որ «ազատություն»-ն «ամենակարևոր և անգին գաղափարն է, որ կա աշխարհի բոլոր երկրներում», և այդ գաղափարի շուրջ միավորվելով՝ հնարավոր է պայքար մղել Հայաստանն ավելի լավը դարձնելու համար:
Հիշեցնենք, որ Արսենի գործունեությունը ուշադրության կենտրոնում էր հայտնվել «Քաոս» երգից հետո: Այդ երգում ռեփերն արծարծում էր Սերժ Սարգսյանի անունը: Արսենին հրավիրել էին ոստիկանություն, սակայն նա հրաժարվել էր գնալ, իսկ փողոցում ոստիկանի հետ զրույցում ասել էր. «Երբ Մարտի 1-ին անմեղ զոհեր կոտորեցին, ու՞ր էիր էդ ժամանակ»: Ոստիկանը գրանցել էր Արսեն Նիկողոսյանի անունը և պահանջել են չվիրավորել «ոչ մեկի անձին»: