Home / Հայաստան / «Կիլիկիա» գարեջրի գործարանը կանգնած է ջուր չլինելու պատճառով, պարզաբանել է պատգամավորը

«Կիլիկիա» գարեջրի գործարանը կանգնած է ջուր չլինելու պատճառով, պարզաբանել է պատգամավորը

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, որը «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերերից է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այս օրերին գործարանը չի աշխատում։ Նա, այնուամենայնիվ, հերքել է այն լուրերը, թե դա հետևանք է ՊԵԿ-ի կողմից իրենց նկատմամբ լուրջ ճնշումների։

Ըստ ԱԺ պատգամավորի՝ իրեն ճանաչողները գիտեն, որ որևէ մեկը չի կարող իր վրա ճնշում գործադրել։ Ինչ վերաբերում է գործարանի չաշխատելուն, ապա Հակոբյանը թերթի թղթակցին ասել է.

«Օրինակ՝ այս պահին եթե գաք գործարան, կտեսնեք, որ ամբողջ գործարանը կանգնած է։ Իսկ պատճառն այն է, որ ջուր չկա, դրա համար կանգնած է։ Ի՞նչ անեմ։ Նախօրեին ևս այդ վիճակն էր։ Այսինքն՝ նման խնդիրներ գործարանը շատ է ունենում։ Պետք չէ դա վերցնել ու կապել չգիտեմ ում հետ»:

Լրագրողը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ այդ գործարանը ևս խնդիրներ ուներ։

«Պատճառը մեր ունեցած տեխնիկական խնդիրներն էին։ Սարքավորում էր փչացել, դրա համար նման խնդիր կար»,  – պատասխանել է Հակոբյանը:

«Ժողովուրդ»-ը նաև հարց է ուղղել Հակոբյանին, թե ԱԺ նստաշրջանները սկսելուն պես ինչպես է նա համատեղելու գործարանի աշխատանքները պատգամավորի աշխատանքների հետ:

«Ուրեմն ես պատգամավոր եմ, բիզնեսով չեմ զբաղվում, 5 րոպե առաջ ԱԺ-ից դուրս եկա… Բնականաբար, ես իմ ընտանիքին անհրաժեշտ խորհուրդներ տալիս եմ, քանի որ իմ ընտանիքի անդամները բոլորը զբաղվում են բիզնեսով», – ասել է պատգամավորը:

Tekali Taxi