Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը ոստիկանության ապօրինությունների պատասխանատուն է. ՀԱԿ խմբակցություն

Սերժ Սարգսյանը ոստիկանության ապօրինությունների պատասխանատուն է. ՀԱԿ խմբակցություն

Իշխող ռեժիմի դեմ տևական ակտիվ քաղաքական պայքարի ընթացքում ձևավորված քաղաքացիական հասարակությունը, ինչպես և սպասելի էր, պետք է դրսևորեր իր ինքնուրույն հակազդեցությունը նույն ռեժիմի կամ նրա հովանավորյալների կողմից իրականացվող զանազան ապօրինությունների ու կամայականությունների դեմ։ Այս մասին ասված է ԱԺ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության հայտարարության մեջ, որն ընդունվել է օգոստոսի 29-ին տեղի ունեցած խմբակցության նիստից հետո:

«Բնապահպանական հարցեր, հասարակության կամ նրա տարբեր շերտերի իրավունքներն ու շահերը ոտնահարող, նրանց հարստահարող ու կեղեքող որոշումներ, քաղաքաշինական նորմերի ոտնահարումներ և նմանօրինակ այլ հարցերն են, որ վերջին տարիներին դարձել են քաղաքացական շարժումների օրակարգը։ Որքան էլ առաջին հայացքից լոկալ թվացող, սակայն դրանք բոլորը միասին վկայությունն են ռեժիմի ու նրա գործելակերպի դեմ ծավալվող հասարակական նեգատիվիզմի և անհանդուրժողականության, որ գործնականում վերածվում է առճակատման։ Ընդ որում, այնպիսի խնդիրներ, ինչպես անհիմն թանկացումները, տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, ամբողջ Երևանը վճարովի ավտոկանգառի վերածումը և այլն, հասարակական հրապարակային դժգոհության տեսքով ծավալվելու հսկայական պոտենցիալ ունեն», – ասված է ՀԱԿ խմբակցության հայտարարության մեջ։

Խմբակցությունը նշում է, որ, գիտակցելով քաղաքացիական շարժումների ծավալման վտանգավորությունն իր համար, վարչախումբը վերջին շրջանում կոշտացրել է իր վերաբերմունքը և անցել, ըստ էության, ոստիկանական տեռորի, ինչը ուղեկցվում է ոչ միայն ապօրինի քայլերի, այլ հաճախ նաև ցինիզմի դրսևորումներով։

«Ոստիկանությունը օրինականության, հասարակության ու քաղաքացու անվտանգ կյանքի ու իրավունքների պաշտպանության փոխարեն վարչախմբի ձեռքին վերածվել է իշխանավորների ու նրանց դրածո կեղեքիչ օլիգարխների շահերը պաշտպանող պատժիչ գործիքի։ Խաղաղ պիկետների և ցույցերի մասնակիցների դեմ գործադրվում է ուժ, ծեծ, զանազան սադրանքներ, ոտնահարվում են մարդկանց տարրական իրավունքները։ Սեփական քաղաքացու դեմ ապօրինի բռնության գործադրումը իշխանության ոչ թե ուժի, այլ վախի վկայությունն է իրականում։

ԱԺ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանության միջոցով խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող ապօրինի գործողությունները, ապօրինություններ, որոնց համար պատասխանատվությունը ընկնում է համապատասխան գերատեսչության ղեկավարի և անձամբ Սերժ Սարգսյանի վրա», – եզրափակում են հայտարարության հեղինակները։

Tekali Taxi