Home / Տեսանյութեր / Դատարանը ակտիվիստի նկատմամբ 2-ամսյա կալանք կիրառեց

Դատարանը ակտիվիստի նկատմամբ 2-ամսյա կալանք կիրառեց

Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել «Նախախորհրդարանի» անդամ, ակտիվիստ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ 2 ամիս կալանք կիրառելու մասին: Այս մասին Epress.am-ին հայտնել է Հարությունյանի կինը՝ Ելենա Կոժեմյակինան:

Խափանման միջոցի հարցը պետք է որոշվեր երեկ երեկոյան, սակայն այն հետաձգել են: Որոշումը կայացվել է  մոտ 15.00-ին: 

Ինչպես երեկ, այսօր ևս դատարանի մոտ Հարությունյանին աջակցելու էին եկել Նախախորհրդարանի անդամները, ինչպես նաև այլ քաղաքացիական ակտիվիստներ: Նրանք ելույթներ էին ունենում դատարանի առջև՝ հորդորելով  դատարանին ազատ արձակել քաղաքական հետապնդումների հետևանքով բերման ենթարկված ակտիվիստին:

Ելենա Կոժեմյակինայի խոսքով՝ նման որոշումն իր համար անսպասելի չէր: Իր հետագա քայլը լինելու է ՄԻՊ-ին դիմելը: Իսկ մյուս քայլերը առայժմ չեն հրապարակում:

Հիշեցնենք, որ Հարությունյանը կասկածվում է օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Ավելի վաղ Ելենա Կոժեմյակինան, հանդես էր եկել հայտարարությամբ, որում պատմել էր, որ օգոստոսի 31-ի գիշերը վեց անծանոթ տղամարդ հարձակվել են Արտանիշ գյուղում գտնվող իրենց տան վրա: Հարձակվողներն ուժեղ վախեցրել են Հարությունյանի 2-ամյա դստերն ու նախակաթվածային վիճակի հասցրել տան սեփականատիրոջը՝ Հրաչյա Միրզոյանին:

Tekali Taxi