Home / Հայաստան / «Առաջարկ, որը Սարգսյանը չէր կարող մերժել». Թոմաս դե Վաալ

«Առաջարկ, որը Սարգսյանը չէր կարող մերժել». Թոմաս դե Վաալ

Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը բավական հանկարծ եղավ. Հայաստանի նախագահն ընդամենը պատրաստվում էր Մոսկվա կարճատև այցի: Այս մասին «Առաջարկ, որը Սարգսյանը չէր կարող մերժել» վերնագրով հոդվածում գրել է ամերիկյան «Կարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:

«Բոլորը գիտեին, որ օրակարգում միայն մեկ հարց կա՝ Եվրասիական միության նախագծին միանալու Վլադիմիր Պուտինի հրավերը: Օրվա վերջում հաստատվեց, որ դա առաջարկ էր, որից Սարգսյանը չէր կարող հրաժարվել: Նա հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Միությանը:

Հայտարարությունից հետո ես սկսեցի Ֆեյսբուքում հետևել հայերի դժգոհություններին ու ցասմանը, որոնք աղոթում էին, որ իրադարձություններն այլ կերպ զարգանային:

Հնարավո՞ր էր արդյոք դա: Հայաստանի ղեկավարության համար իսկապես երկար ու շոգ ամառ էր: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից առաջ ակտիվացել էր բանակցությունների տեմպը Եվրոպական Միության հետ: Հայերին ասվել էր, որ նրանք կարող են նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, և նաև, որ եթե նրանք ուզում են միանալ ԵՄ-ի Խորը և համապարփակ  ազատ առևտրի գոտուն, դա նրանց թույլ չի տա միանալ Մաքսային միությանը նախևառաջ մաքսային անհամատեղելիությունների պատճառով:

Ռուսաստանի արձագանքն այս ամենին ուղղակի էր: Նրանք տարածեցին լուրերը Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին մեծ քանակությամբ հարձակողական սպառազինություն վաճառելու մասին: Պուտինը բլից-այց կատարեց Բաքու՝ իր հետ տանելով տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների:

Հայաստանի պաշտոնյաներն ընդունում են, որ ամեն ինչ կապված էր անվտանգության հետ, որ իրենք չէին կարող իրենց միակ հզոր դաշնակցին օտարել, որը կարող էր մի ակնթարթում վտանգավոր դառնալ: Մոսկվայում Սարգսյանը հայտարարեց. «Ես նախկինում էլ շարունակ ասել եմ, որ երբ դու ռազմական անվտանգության համակարգի մաս ես կազմում, անհնար և անարդյունավետ է ինքդ քեզ մեկուսացնելը համապատասխան տնտեսական տարածությունից»:

Սարգսյանը նաև ընդգծեց, որ Մաքսային միությանը միանալու որոշումը չի նշանակում ԵՄ-ի հետ երկխոսության դադարեցում: Ներկայում արդեն պարզ է, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասերը դեռ կարող են համաձայնեցվել Վիլնյուսում, սակայն տնտեսական ինտեգրման նախագիծը, բնականաբար, ձախողված է:

Հայաստանի կառավարությունում ոմանք դժգոհում են, որ ԵՄ-ն իրենց մանևրելու տեղ չէր թողել, և ճիշտ է, որ բրյուսելյան բյուրոկրատիան ծանրաշարժ մեքենա է, որը լավ չէ դիվանագիտության մեջ: Սակայն սրան կարելի է նայել որպես մի քանի տարիներ դանդաղ ընթացող ավտոմեքենայի ավտոպատահարի: Թե՛ Սարգսյանի, թե՛ նրանից առաջ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմերը թույլ տվեցին Ռուսաստանի կողմից երկրի տնտեսության ձեռքբերումը, որը ռուսներին քաղաքական վերահսկողության հնարավորություն տվեց և թույլ չտվեց եվրոպական տիպի մրցակցություն: Երբ Սարգսյանը (անվստահ կերպով) սկսեց կրկին մտածել այս առաջարկի մասին, նա արդեն զրկված էր այլընտրանքի հնարավորությունից:

Ինչ վերաբերում է ռուսներին, նրանք այս խաղը շատ խելացի խաղացին: Իհարկե, հիմնական թիրախը Հայաստանը չէ, այլ Ուկրաինան: Այժմ ճնշումը Կիևի վրա էլ ավելի է մեծանում», – գրել է դե Վաալը:

Թարգմանությունը՝ Civilnet.am

Tekali Taxi