Home / Հայաստան / Ոստիկանները պաշտպանում էին հիմար օրենքները. իրավապաշտպանը ակցիայի մասին

Ոստիկանները պաշտպանում էին հիմար օրենքները. իրավապաշտպանը ակցիայի մասին

Այսօր ոստիկանության աշխատանքը համապատասխանում էր Հայաստանում ոստիկանների սովորական պահվածքին. նրանք խանգարում էին քաղաքացիների աշխատանքին՝ պաշտպանելով հիմար օրենքները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում նախագահական նստավայրի մոտ կայացած Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու դեմ բողոքի ակցիայից հետո հայտարարել է «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

«Ինչու եմ ասում հիմար, որովհետև եթե մարդը պայքարում է իր ազատության համար, օրենքն անցնում է երկրորդ պլան: Մարդու ազատությունը և իրավունքները բարձր են պետական և ազգային շահերից, այդ պատճառով էլ ցուցարարները իրավունք ունեին մոտենալ նախագահական նստավայրին»,- ասել է Դանիելյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ այն հիմնավորումը, թե նախագահական նստավայրը ռազմավարական օբյեկտ է ու դրան չի կարելի մոտենալ, այլևս կարելի է չօգտագործել:

«Ռազմավարական օբյեկտը ինչ-որ բան անում է ժողովրդի համար, իսկ երեկվա Սարգսյանի հայտարարությամբ անկախությունը ոչնչացավ»,- ասել է Միքայել Դանիելյանը:

Հիշեցնենք, որ այսօր նախագահական նստավայրի մոտ կայացած բողոքի ակցիայի ժանանակ բերման է ենթարկվել 11 ակտիվիստ: Նրանք գտնվում են Ոստիկանության Արաբկիրի բաժնում: Ակտիվիստների նկատմամբ գործ է հարուցվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (ոստիկանության օրինական պահանջը չկատարելը), սակայն ակտիվիստները հրաժարվում են որևէ փաստաթուղթ ստորագրել:

Tekali Taxi