Home / Հայաստան / Օլիգարխի մարդիկ «դիմավորեցին» Փակ շուկայի համար պայքարողներին. բախում չեղավ (ՖՈՏՈ)

Օլիգարխի մարդիկ «դիմավորեցին» Փակ շուկայի համար պայքարողներին. բախում չեղավ (ՖՈՏՈ)

Այսօր ժամը 18:00-ին Մշակույթի նախարարության շենքի մոտից մեկնարկել է քաղաքացիական ակտիվիստների ու «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամների երթը՝ ի պաշտպանություն Փակ շուկայի։

Ակցիայի մասնակիցները մի քանի րոպե կանգ են առել նախարարության շենքի մոտ ու բարձրախոսով իրազեկել, որ շուկայում ապօրինի շինարարություն է ընթանում:

Մշակույթի նախարարությունից նրանք պահանջել են գործի դնել ունեցած լիազորությունները և զրկել սեփականատիրոջը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին, սեփականության իրավունքից, հարցը մտցնել կառավարություն, ստիպել պատկան մարմիններին քրեական գործ հարուցել սեփականատիրոջ նկատմամբ։

«Փակ շուկան քանդողները պետք է պատասխան տան օրենքի առաջ՝ վանդալիզմ իրականացնելու համար, ինչի իրավունքը նրանք չեն ունեցել։ Մշակույթի նախարարությունն ու քաղաքապետարանը զերծ են մնում ավելի խիստ գործողություներից ու սահմանափակվում միայն հայտարարություններով, թե համազգային խայտառակություն է», – հայտարարել է «Նախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը։

Երթը շարունակելով՝ ակցիայի մասնակիցները պաստառներով ու դրոշներով անցել են կառավարության շենքի մոտով, այնուհետ մի քանի րոպե կանգ առել դատախազության շենքի մոտ։

«Երկու անգամ գրություն է ուղարկվել դատախազություն, որ քաղաքի սրտում բարբարոսություն է կատարվում՝ քանդվում է պատմական հուշարձանը։ Մենք ականատես ենք եղել մեր հարևան հանրապետության իրականացրած վանդալիզմին ու հիմա ականատեսն ենք այն բանի, որ հարևան հանրապետության մայրաքաղաքում լույս տեսնող լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող դեպքերը ներկայացնում են որպես բարբարոսության իրական ապացույց, քանի որ իրենց պնդմամբ՝ Երևանի ծածկած շուկան հանդիսանում է ադրբեջանական քարվանսարայի ճարտարապետական էլեմենտներով կառուցված հուշարձան, և հայերը վերացնում են ադրբեջանական վերջին հետքերը Հայաստանում», – դատախազության մոտ հայտարարել է Չուգասզյանը։

Այնուհետ երթի մասնակիցները շարժվել են դեպի քաղաքապետարան, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրանց բարձրախոսով կոչեր հնչեցնել կամ հայտարարություններ անել։ Երևանի փոխոստիականապետ Վալերի Օսիպյանը հորդորել է բարձրախոս չօգտագործել, քանի որ քաղաքապետարանը բողոք է ներկայացրել, թե աղմուկը խանգարում է իրենց աշխատանքին։

Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը բանակցել է Օսիպյանի հետ ու խնդրել հիմնավորել, թե օրենքի որ կետով է արգելված հավաքների ժամանակ բարձրախոս օգտագործելը, ինչին ի պատասխան ոստիկանն ասել է, թե պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ քաղաքապետարանում աշխատանքները ավարտված չեն ու զգուշացրել է հասարակական վայրերում չխախտել կարգը:

Ակցիայի մասնակիցները շարունակել են երթը, անցել են Գրիգոր Լուսավորիչ փողոցով, այնուհետ կանգ առել Փակ շուկայի դիմացի մայթին, քանի որ ոստիկանները թույլ չեն տվել նրանց անցել շուկայի տարածք, որը նախօրոք արդեն շրջապատված է եղել Սամվել Ալեքսանյանի մի քանի տասնյակ համակիրներով, որոնք օրեր առաջ  նույն կերպ «դիմավորել էին» բողոքողներին:

Փողոցի երկու կողմերում հսկողություն իրականացնող ոստիկանները հետևել են, որպեսզի Ալեքսանյանի աջակիցների ու ակցիայի մասնակիցների միջև ընդհարում տեղի չունենա։

Ավելի ուշ երթի մասնակիցները հեռացել են, իսկ Ալեքսանյանի համակիրները չեն շտապել հեռանալ` մոտ 3 ժամ մնալով Փակ շուկայի մոտ:

Շուկայի մոտ գտնվող քաղաքացիները, ովքեր Ալեքսանյանի աջակիցները չեն եղել, պատմել են Epress.am թղթակցին, թե պատգամավորին սատարողները մինչ երթի մոտենալը հայտարարել են, թե «կցխեն» եկողներին շուկայի նկատմամբ որևէ ոտնձգության դեպքում:

«Թող գան, մի հատ ծեփենք դրանց, որ հասկանան», -ասել է Ալեքսանյանի մարդկանցից մեկը: Հետագայում կողմերի միջև բախումներ չեն գրանցվել:

Tekali Taxi