Home / Տեսանյութեր / Ինչպես են խեղաթյուրել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածը. պատմել է փաստաբանը

Ինչպես են խեղաթյուրել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածը. պատմել է փաստաբանը

Սեպտեմբերի 7-ին արդարադատության հետ դժբախտություն է պատահել՝ այն անձինք, ովքեր պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին Ավետիք  Բուդաղյանի սպանության և Արտակ Բուդաղյանին հասցրած ծանր վնասվածքներ պատճառելու համար՝ ազատ արձակվեցին և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

«Շաբաթ օրը՝ գիշերվա ժամը 11-ի սահմաններում, այսինքն՝ 12 ժամ անց, երբ արդեն բոլորը գիտեին, որ քրեական հետապնդումը դադարեցվել է ու այդ անձինք ազատ են արձակվել, նոր միան քննիչը բարեհաճեց այդ որոշումը տրամադրել ինձ: Երեկ ամբեղջ օրը փորձում էի հասկանալ, թե որտե՞ղ են տրամաբանությունը, օրենքը, իրավական վերլուծությունները ու ճիշտն ասած՝  այդպես է չհասկացա», – ասել է փաստաբանն ու հավելել, թե այդ որոշումը ոչ մի ընդհանուր կապ չունի իրավաբանության հետ:

Վերջինս նշել է, թե նման որոշումներն ավելի շատ բժշկական գնահատականի կարիք ունեն, քան՝ իրավական:

«Կայացած 3 որոշումներից մեկով  դադարեցվում է քրեական հետապնդումը Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ, մյուս որոշմամբ՝ թիկնապահի, և երրորդ որոշմամբ՝ քննիչը ապացուցված է համարում, որ հանգուցյալ Ավետիք Բուդաղյանը կատարել է քրեական օրենսգրքի 104 և 112 հոդվածներով նախատեսված հանցագործություններ և քրեական հետապնդումը դադարեցվում  նրա մահվան կապակցությամբ»,- պարզաբանել է Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ որոշումների մեջ դեպքի հետ կապված գրեթե ամեն ինչ խեղաթյուրված է ներկայացված:

«Ինչպես գիտեք, Ավետիք Բուդաղյանը ծեծվել է Սուրիկ Խաչատրյանի մեքենայի մեջ, հետո փողոցում մեքենայից դուրս հանվել, իսկ որոշման մեջ  ներկայացված է, որ ոչ թե Խաչատրյանն ու թիկնապահ Զարզանդն են հարվածել Ավետիքին, այլ Զարզանդն է հարվածել Ավետիքին, իսկ Խաչատրյանը մեքենայի մեջ քնած է եղել: Պատկերացրեք՝  մենքենայի մեջ հարվածներ հասցնելու  ընթացքում Խաչատրյանի քնի ուժգնությունն ու խորությունը, ի դեպ՝ ավելի ուշ՝ բուն դեպքերի ժամանակ, վերջինս նույն խորությամբ քնած է եղել իր դղյակում», – պատմել է բանախոսը:

Ալումյանը նշել է, թե որոշման մեջ դեպքը ներկայացված է հետևյալ կերպ՝ թե հարձակվողները և կրակողները եղել են Բուդաղյանները, իսկ Խաչատրյանի կողմնակիցները  ընդամենը պաշտպանվել են ու ինքնապաշտպանության սահմաններում կատարել սպանությունն ու մարմնական վնասվածք հասցրել:

«Իսպառ չի ասվում, որ գոնե դեպքի վայրում առնվազն 13 պարկուճ հայտնաբերվել է, որից 11-ը կրակված է եղել Խաչատրյանի կողմնակիցների կողմից, ինչի մասին որոշման մեջ չկա», – ասել է Ալումյանը:

Նա կասկած է հայտնել, թե այս կերպ երբևէ հնարավոր կլինի հասնել արդարության, եթե մյուս կողմում «քիչ թե շատ ազդեցիկ ֆիգուրա կա»:

«Ես չէի ուզի այսպես մտածել, բայց մեզ ստիպում են, որ մտածենք ու մեր արյան մեջ մտնի այն գաղափարը՝ երբ գործ ունես ազդեցիկ մարդկանց հետ, չպետք է պայքարես, քանի որ ոչ մի հույս չունես», – եզրափակել է Ալումյանը:

Tekali Taxi