Home / Հայաստան / Ֆրանսիայի հայերը դժգոհ են Մարսելի «Օլիմպիկի» և «Թուրքական ավիաուղիների» պայմանագրից

Ֆրանսիայի հայերը դժգոհ են Մարսելի «Օլիմպիկի» և «Թուրքական ավիաուղիների» պայմանագրից

Ֆրանսիական ամենահեղինակավոր ֆուտբոլային ակումբներից մեկը՝ Մարսելի «Օլիմպիկ» ֆուտբոլային ակումբն օգոստոսի 30-ին 2013-2014 մրցաշրջանի համար համագործակցության պայմանագիր է կնքել «Թուրքական ավիաուղիներ» (Turkish Airlines) ավիաընկերության հետ, ինչը դուր չի եկել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց թվում շատ են «Օլիմպիկի» երկրպագուները:

Ինչես հայտնում է ֆրանսահայ լրագրող Ժան Էկյանը, Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որում Ֆրանսիայում հայերի ներկայացուցչությունը նշում է, թե ««Թուրքական ավիաուղիների» ու Մարսելի «Օլիմպիկի» միջև համագործակցությունը զայրացրել է թիմին երկրպագող ֆրանսահայերին, ինչպես նաև ակումբի մյուս երկրպագուներին»:

«Նրանք չեն հասկանում, որ միություն են կազմում Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների ժառանգորդ ու մեղսակից Թուրքիայի հետ: Այս համագործակցությունն անընդունելի է: Մենք բոլորս սիրում ենք Մարսելի «Օլիմպիկը», հետևաբար՝ դավաճանված ենք զգում: Սա անարգանք է Ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց ժառանգորդների արժանապատվության նկատմամբ՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին»,-  ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2010 թվականի վերջին հայտարարվել էր «Թուրքական ավիաուղիների» և «Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի գերաստղ Քոբի Բրայանտի միջև պայմանագրի կնքման մասին: Դա նույնպես առաջացրել էր «Լեյքերսի» հայ երկրպագուների դժգոհությունը, ովքեր պահանջել էին Բրայանտից մերժել պայմանագիրը: Բասկետբոլիստը դա չէր արել և «Թուրքական ավիաուղիների» մի շարք հոլովակներում էր նկարհանվել, այդ թվում՝ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստ Լեո Մեսսիի հետ:

Tekali Taxi