Home / Հայաստան / Հրատարակչությունը միտում չունի խանգարել Անի Քոչարին, պնդում է, որ պաշտպանում է ապրանքային նշանը

Հրատարակչությունը միտում չունի խանգարել Անի Քոչարին, պնդում է, որ պաշտպանում է ապրանքային նշանը

«ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» հրատարակչությունը, որին պատկանում են «TVմոլ» շաբաթաթերթը, «Նանե» ամսագիրը,  «Ե՞սYes!» երիտասարդական ամսագիրը, պարզաբանումներ է ներկայացրել Անի Քոչարի հետ կապված խնդրի շուրջ: Հիշեցնենք, որ այսօր Անի Քոչարն ասել է, որ «Ես եմ» ամսագիրի տարածումը կրպակներում արգելվել է այն պատճառով, որ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանք դնել «Անի Քոչար փրոդակշն»-ի վրա: 

«ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս»-ը նշում է, որ «Ե՞սYes!» ամսագիրը հիմնադրվել է  2006 թ.-ի մայիսին և իր հրատարակչությանն են պատկանում «Ես՞Yes!» ամսագրի նկատմամբ բոլոր հեղինակային և հարակից գույքային իրավունքները, ինչպես նաև «Ես՞Yes!» ապրանքային նշանը (30.08.2011թ. N 17443 վկայագիր):

«Աշխատանքի հրավիրելով ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին, այդ թվում և Անի Քոչարյանին՝ մեր հրատարակչությունը տնօրենի հրամանով Անի Քոչարյանին երկու ամիս փորձաշրջանով նշանակել է «Ես՞Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր, այնուհետև հաստատել այդ պաշտոնում: 2011 թ.-ի մարտի 1-ին Անի Քոչարյանը համաձայն իր դիմումի ազատվել է աշխատանքից:

Նույն թվականի սեպտեմբերի 1-ին «Անի Քոչար փրոդակշն» ՍՊԸ-ի հետ կնքվել է լիցենզային պայմանագիր, որի համաձայն վերջինիս թույլատրվել է օգտագործել «Ե՞սYes!» ապրանքային նշանը ամսագիր պատրաստելու և հրատարակելու համար: Լիցենզիայի գործողության  ընթացքում հրատարակված ամսագրերում նշում է պահպանվել առ այն, որ «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ-ն հանդիսանում է ամսագրի հիմնադիր հրատարակիչը:

2013 թ.-ի օգոստոսին՝  այդ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո,  «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս»  ՓԲԸ-ն որոշել է այլևս չերկարաձգել պայմանագիրը տվյալ ընկերության հետ, նախապես` հուլիսին, այդ մասին գրավոր կերպով ծանուցելով վերջինիս:

Տեղեկանալով, որ հրատարակվել է «Ե՞սYes!» ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման «Ես եմ» անվանմամբ ամսագիր՝ մեր ընկերությունը դիմել է դատարան՝ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների և հրատարակչի հարակից իրավունքների պաշտպանության հայցով: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2013թ.-ի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Ես եմ» անվանմամբ ամսագրի հրատարակումը և իրացումը:

Հարկ ենք համարում նշել, որ մեր ընկերությունը միտում չունի խոչընդոտել որևէ ընկերության կամ անհատի գործունեությունը, և մեր միակ նպատակը մեր մտավոր սեփականությունը պաշտպանելն է՝ չթույլատրելով մեր ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման նշանների օգտագործումը», – նշված է հրատարակչության հայտարարության մեջ:

Tekali Taxi