Home / Հայաստան / Ադրբեջանցի ակտիվիստի պապը կտրել է երակներն ու մահացել հիվանդանոցում

Ադրբեջանցի ակտիվիստի պապը կտրել է երակներն ու մահացել հիվանդանոցում

Ինքնասպանության փորձից հետո սեպտեմբերի 13-ին հիվանդանոցում արյան մեծ կորուստի հետևանքով մահացել է 74-ամյա Անայաթ Ախունդովը՝ Nida ադրբեջանական քաղաքացիական շարժման ձերբակալված ակտիվիստ Ռաշադաթ Ախունդովի պապը:

Ակտիվիստի պապը, իմանալով որ Ռաշադաթ Ախունդովին նոր մեղադրանք է առաջադրվել, կտրել է իր երակները: Այս մասին «Կովկասյան հանգույցի» (Кавказский узел) թղթակցին հայտնել է ակտիվիստի կինը՝ Թյուրքյան Հուսեյնովան:

«Պապիկը Ռաշադաթին շատ էր սիրում, քանի որ մինչև 14 տարեկան ինքն է նրան մեծացրել: Նա հույս ուներ, որ Ռաշադաթին մոտ ժամանակներս ազատ կարձակեին, սակայն նրա դեմ նոր մեղադրանք առաջադրեցին: Իմանալով, որ Ռաշադաթին մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում, պապիկը կտրել է երակները: Նրան անմիջապես հասցրել են հիվանդանոց: Սեպտեմբերի 13-ին պապիկը ուշքի է եկել, անգամ խոսում էր: Բայց երեկոյան վիճակը վատթարացավ, ու նա մահացավ: Ըստ բժիշկների՝ նա մահացել է արյան մեծ կորուստի հետևանքով»,- ասել է Հուսեյնովան: 

Ռաշադաթ Ախունդովը ձերբակալվել է մարտի 30-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել կազմակերպված հանցավոր խմբավորման կազմում զենքի անօրինական շրջանառության հոդվածով: Հունիսի 24-ին դատարանը որոշում էր կայացրել երեք ամսով երկարաձգել նրա ազատազրկման ժամկետը:

Սեպտեմբերի 12-ին Nida շարժման 7 ակտիվիստների դեմ զանգվածային  անկարգություններ, այդ թվում՝ ջարդեր ու հրկիզումներ կազմակերպելու մեղադրանք առաջադրվեց, ըստ որի ակտիվիստներին մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում: Սեպտեմբերի 13-ին Nida քաղաքացիական շարժումը հանդես եկավ հայտարարությամբ, որում իշխանությունների գործողությունները գնահատել է որպես «քաղաքականապես ակտիվ երիտասարդներին լռեցնելու փորձ»:

«Սակայն նման միջոցները չեն կարող խոչընդոտել շարժման գործունեությունը ժողովրդավարական փոփոխությունների համար մղվող պայքարում: Իշխանությունների ներկայիս քայլերն այս տարվա մարտի 7-ին շարժման դեմ սկսված ճնշումների նոր ալիք է»,- ասված է Nida շարժման հայտարարության մեջ:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ձերբակալվածներին ճանաչել է որպես «խղճի գերիներ»: Ադրբեջանի իշխանությունները հերքում են միջազգային կազմակերպությունների քննադատությունները երկրում քաղաքական դրդապատճառներով քաղաքացիների հետապնդման մասին: 

Tekali Taxi