Home / Տեսանյութեր / Իրավապաշտպանը չէր զարմանա, եթե Աղվան Հովսեփյանն ու Ռուբեն Սահակյանը տեղերով փոխվեին

Իրավապաշտպանը չէր զարմանա, եթե Աղվան Հովսեփյանն ու Ռուբեն Սահակյանը տեղերով փոխվեին

Շաբաթ օրը կայացան Փաստաբանների պալատի նոր նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում Պալատի ղեկավարի պաշտոնը կստանձնի Արա Զոհրաբյանը: Նա փոխարինելու է Ռուբեն Սահակյանին (լուսանկարում): Epress.аm-ը խնդրել է «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանին գնահատել վերջինիս գործունեությունը:

Խոսելով Սահակյանի մասին՝ Դանիելյանը նախ հիշեցրել է նրա հայտարարությունը, որն արվել է 90-ականներին իր և այլ փաստաբանների վրա կատարած հարձակումից հետո:

«Մի քանի փաստաբանների վրա հարձակում կատարեցին, հետո այդ փաստաբաններից մեկը, դեպքի ասուլիսի ընթացքում խոսելով, հայտարարեց. «Ես կհասկանայի, որ ինձ ծեծեին որպես քաղաքացի, բայց ինձ ծեծել են որպես փաստաբան»: Այսինքն՝ փաստաբանը կարծում էր, որ մարդու վրա հարձակվել, ծեծել կարելի է, իսկ փաստաբանի վրա՝ ոչ: Այդ փաստաբանը Ռուբեն Սահակյանն էր, և հետագայում մի գործով պաշտպանում էր երկու ոստիկանների, ովքեր փաստաբանի մասնագիտություն չունեցող մարդու ծեծել ու սպանել էին»,- ասել է Դանիելյանը:

Դանիելյանը նշել է, որ դա Ռուդիկ Վարդանյանի սպանության փաստով հարուցված գործն էր, երբ Սահակյանը ստանձնել էր երկու ամբաստանյալ ոստիկանների՝ Ջաղինյանի և Աթարբեկյանի պաշտպանությունը:

«Ընդունեցին, որ մարդուն սպանել էր, սակայն  Ռուբեն Սահակյանը ասաց՝ ապացուցեք՝ ում հարվածից է Վարդանյանը մահացել: Գործն ավարտվեց  ամբաստանյալներին դիրքի չարաշահման համար դատապարտելով:

Նրանք իրենց մի քանի տարին նստեցին ու դուրս եկան, և դարձան փաստաբան»,- պատմել է Դանիելյանը:

Ըստ իրավապաշտպանի՝  Ռուբեն Սահակյանը նաև կհիշվի նրանով, որ վերջինիս նախագահության օրոք է դատարանում մարդուն պաշտպանելու ընթացակարգի մասին և փաստաբաններին առնչվող օրենքում փոփոխություն կատարվել, որն ամենաշատն է ճնշում տուժողի պաշտպան կողմին: Խոսքն այն սահմանափակման մասին է, որով տուժողի իրավահաջորդին դատարանում կարող է ներկայացնել միայն փաստաբանը: 

«Կա տարբերություն՝ տուժողի շահերը ներկայցնում է փաստաբանը, թե իրավապաշտպանը: Փաստաբաններն աշխատում են օրենքի շրջանակներում, իրավապաշտպանները՝ ազատության: Նրանց համատեղ գործունեությունն է լավագույն տարբերակը: Փաստաբանների պալատն աշխատում է իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ: Եվ ես չէի զարմանա, որ Աղվան Հովսեփյանը դառնար պալատի նախագահ, իսկ Ռուբեն Սահակյանը՝ գլխավոր դատախազ: Ոչ մի բան չէր փոխվի»,- ասել է Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Ռուբեն Սահակյանի հեռանալը պալատից պակաս տպավորիչ չեղավ: Նա  ներկայացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու շահերը: Նրան ազատելն էլ համարեց իր ձեռքբերումը և  դիմեց հանրությանը՝ ասելով. «Հետո էլ ասում եք՝ արդարադատություն չկա Հայաստանում», ինչը, Դանիելյանի խոսքով, ցինիզմ է: 

Լուսանկարը՝ advocates.am

Tekali Taxi