Home / Հայաստան / Ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է մաքսանենգության մեջ. նա կարող է 9-րդը դառնալ

Ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է մաքսանենգության մեջ. նա կարող է 9-րդը դառնալ

Ադրբեջանում սեպտեմբերի 17-ին մաքսանենգության ու անօրինական զենք պահելու մեղադրանքով բերման է ենթարկվել «Բիզիմ յոլ» (Մեր ճանապարհը) անկախ թերթի աշխատակից ու moderator.az կայքի տնօրեն Փարվիզ Հաշիմլին: Լրագրողի տունն ու խմբագրությունները խուզարկվել են: Հաշիմլին, սակայն, հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները:

Փարվիզ Հաշիմլին, բացի լրագրությունից, նաև զբաղվում է հասարակական գործունեությամբ: Մասնավորապես, նա «Քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության կենտրոնի» ղեկավարն է: Այս կարգավիճակում նա պարբերաբար հանդիպումներ է ունեցել արտասահմանցի գործընկերների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հաշիմլին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ժամը 18.30-ի սահմաններում՝ moderator.az կայքի խմբագրությունից: Միևնույն ժամանակ, ԱԱՆ աշխատակիցներն այցելել են նաև Հաշիմլիի՝ Բալաջարի ավանում գտնվող տունն ու «Բիզիմ յոլ»-ի խմբագրություն:

ԱԱՆ աշխատակիցները խմբագրությունում բոլոր գտնվողներին արգելել են լքել տարածքն ու պատասխանել հեռախոսազանգերին, Turan-ի թղթակցին պատմել է թերքի խմբագրության աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:

ԱԱՆ աշխատակիցները հայտարարել են, որ լրագրողի տանն ատրճանակ են հայտաբերել: Այս մասին պատմել է Հաշիմլիի ազգականներից մեկը՝ Արշադ Իբրագիմովը: Նրա կարծիքով՝ զենքը լրագրողի տանը տեղադրել են հենց խուզարկուները:

Ըստ առաջադրված մեղադրանքների՝ Հաշիմլիին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: Սեպտեմբերի 18-ին դատարանը կորոշի, թե Հաշիմլիի դեմ խափանման ինչ միջոց է կիրառվելու:

Ներկայումս ադրբեջանական բանտերում են գտնվում 8 լրագրողներ՝ «Հուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալովը, անկախ լրագրող Ֆարամազ Ալլահվերդիևը, լրագրող Ֆուադ Հուսեյնովը, «Տոլիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովը, «Յենի Մուսավաթ» թերթի սյունակագիր Թոֆիգ Յագուբլուն, azadxeber.org կայքի գլխավոր խմբագիր Նիջաթ Ալիևը, xeber44.com կայքի գլխավոր խմբագիր Արազ Գուլիևը, P.S Nota թերթի գլխավոր խմբագիր Սարդար Ալիբեյլին: 

Tekali Taxi