Home / Հայաստան / Վճռաբեկի նախագահը կհեռանա՞. թերթերը` հնարավոր փոխարինողների մասին

Վճռաբեկի նախագահը կհեռանա՞. թերթերը` հնարավոր փոխարինողների մասին

Դատական կարգադրիչների ծառայությունում շուրջ 400 հազար դոլարի հասնող չարաշահումների փաստի բացահայտումից հետո, ստուգումներ են սկսվել նաև դատական դեպարտամենտում, որը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի անմիջական ղեկավարության ներքո: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթն ընդգծում է, որ դատավորները դժգոհում են Վճռաբեկ Դատարանի նախագահ Արման Մկրտումյանից (լուսանկարում), քանի որ վերջինս չի կարող վերահսկել իրավիճակը։

«Ժողովուրդ»-ի զրուցակից դատավորներից մեկը նշել է, որ համակարգում երանությամբ են հիշում ՎԴ նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի ղեկավարած տարիները. «Թեև Մանուկյանից շատերը դժգոհ էին իշխանությունը կենտրոնացնելու, չափից ավելի պահանջկոտության պատճառով սակայն նա մինչև վերջ կանգնում Էր ցանկացած դատավորի թիկունքին և համակարգը զերծ էր պահում դրսի ճնշումներից»:

Թերթը հավելում է, որ բացահայտված չարաշահումների արդյունքում Մկրտումյանն առաջիկայում հրաժարական կտա։

«Եվ արդեն իսկ շրջանառվում են նրան փոխարինողների անունները։ Որպես ամենահավանական թեկնածուներ՝ նշվում են վերջերս իր պաշտոնին հրաժեշտ տված Աղվան Հովսեփյանի (որը, ի դեպ, իր ենթականերին հրաժեշտ տալուց բառացիորեն ասել էր. «Մենք դեռ կաշխատենք միասին») և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի անունները, վերջինս վաղուց է երազում հայտնվել այդ աթոռին», – գրում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ը նույնպես նշում է, որ իշխանական կուլիսներում քննարկվում է Արման Մկրտումյանի հրաժարականի հարցը: Թերթի տեղեկություններով՝ Մկրտումյանին այդ պաշտոնում կարող է փոխարինել ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Թերթը հարցրել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանին, թե արդյոք կոռուպցիոն սկանդալի հետ կապված Մկրտումյանը կարող է հրաժարական ներկայացնել, ինչին պաշտոնյան պատասպանել է. «Նման բան չկա»:

Հոդվածներն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերի այսօրվա համարներում

Tekali Taxi