հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Եթե Ադրբեջանը չի խաբում, ապա հայ ռազմագերիին պետք է փախստականի կարգավիճակ տան. փոխնախարար

Եթե Ադրբեջանը չի խաբում, ապա հայ ռազմագերիին պետք է փախստականի կարգավիճակ տան. փոխնախարար

Հայաստանը վերահաստատել է, որ չի պատրաստվում քրեական հետապդնում իրականացնել ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ:

Այսօր ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանական գերության մեջ գտվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի (լուսանկարում) հետ կապված իրավիճակը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ-ն, Տոնոյանն անդրադարձել է վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տեղ գտած Ադրբեջանի Գերիների, պատանդների, անհետ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությանը, ով տեղեկացրել էր, որ հայ ռազմագերի Ինջիղուլյանը խնդրել է իրեն տեղափոխել 3-րդ երկիր:

Ըստ փոխնախարարի՝ եթե այդ տեղեկատվությունն ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարք չէ, ապա դրա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակում ներգրավումը` Հակոբ Ինջիղուլյանին փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով:

Տոնոյանը նաև տեղեկացրել է, որ հայկական կողմը բազմիցս վերահաստատել է Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու իր խոստումը՝ այսպիսով բացառելով «հետապնդումների զոհ դառնալու հիմնավորված երկյուղի» հավանականությունը, առավել ևս, որ չկան ռասայական, ազգային պատկանելության, կրոնի, քաղաքական կարծիքի կամ այլ առումներով այդ երկյուղը հաստատելու հիմքեր:

Փոխնախարարի Տոնոյանի խոսքով՝ Ինջիղուլյանին փախստականի կարգավիճակ շնորհելը գուցե հնարավորություն է գերության մեջ խուսափելու նրա նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից և այլ ողբերգական հետևանքներից, ինչպիսիք տեղի են ունեցել նախկինում նման դեպքերի ժամանակ (մասնավորապես ադրբեջանական գերության մեջ սպանված հովվի՝ Մանվել Սարիբեկյանի դեպքը):

Քրիստոֆ Բիրվիրթը խոստացել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալի ներկայացրած դիրքորոշումը փոխանցել գլխավոր գրասենյակ: Նա միաժամանակ ընդգծել է փախստականի կարգավիճակ սահմանելու մանդատային գործընթացում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի անկախությունը և դրա բացառապես մարդասիրական, ոչ քաղաքական մանդատը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՊՆ-ի ձեռնարկած նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդել, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:

Լուսանկարը՝ azatutyun.am