Home / Տեսանյութեր / Ձերբակալված գնդապետի ընկերները գիշերելու են Հրապարակում՝ ի նշան բողոքի

Ձերբակալված գնդապետի ընկերները գիշերելու են Հրապարակում՝ ի նշան բողոքի

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի (լուսանկարում) մարտական ընկերներից շատերը Անկախության օրը դիմավորելու են Հանրապետության հրապարակում՝ գիշերելով այնտեղ ի նշան բողոքի: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են ազատամարտիկները, ովքեր հանկարծակիի են եկել ձերբակալման մասին լուրից: Հիշեցնենք, որ Ավետիսյանը ձերբակալվել է երեկ, մեղադրվում է խարդախությամբ 2000 դոլար հափշտակելու մեջ:

Նրանք նշել են, թե, սովորույթի համաձայն, այսօր պետք է հավաքվեին որոշելու՝ ինչպես են անցկացնելու սեպտեմբերի 21-ը, սակայն ավելի ուշ պարզել են, որ իրենց ընկերոջը երեկ գիշեր բերման են ենթարկել:

«Գողացել են, ամենաճիշտ բառը սա է, տնից հանել են դուրս ու առևանգել, ուրիշ, ավելի հարմար  բառ չկա: Գնացել էինք ֆիլմ դիտելու, հետո բարի գիշեր մաղթեցինք իրար ու տուն գնացինք: Ժամը 22:30-ի սահմաններում երեխեն զանգում, հարցնում ա՝ «կարող ա գիտեք՝ պապան ո՞ւր ա»: Սրանք գնում են Վոլոդյայենց տուն, թե՝ դուրս արի զրուցենք ու գողացել են», – ասել են հավաքված ազատամարտիկները:

Վերջիններս նշել են, թե այս պահին իրենք որևէ տեղեկություններ չունեն, ուստի չեն կարողանում որևէ պարզաբանում տալ կատարվածի վերաբերյալ, սակայն մի բան հստակ է՝ պատճառը վերջին շրջանում նրա ծավալած ակտիվ գործունեությունն է:

Ազատամարտիկները նշել են, թե Ավետիսյանը, ով ազատամարտիկների շարժման ղեկավարներից է, իր քայլերով մերկացնում էր «հայաստանյան իշխանությունների ու կառավարության քաղաքական իմպոտենտներին»:

Ավելի ուշ Epress.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը հայտնել է, որ քիչ առաջ Ավետիսյանի մոտ է մտել նրա փաստաբանը:

Tekali Taxi