Home / Հայաստան / ՌՈ պետը մտերիմներին ՊՆ համարանիշներ է նվիրում, որ մեքենաները չտուգանեն

ՌՈ պետը մտերիմներին ՊՆ համարանիշներ է նվիրում, որ մեքենաները չտուգանեն

ՀՀ ՌՈ պետ Սամվել Ղուկասյանն իր մտերիմներին, ընկերներին ՊՆ համարանիշեր է նվիրել, որպեսզի նրանք առանց խոչընդոտի երթևեկեն, իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ Ճանապարհային ոստիկանությունում ներքին հրահանգ կա ՊՆ համարանիշեր ունեցող մեքենաներին չտուգանել: Անգամ եթե փողոցում տեղադրված տեսախցիկներն արձանագրում են ՊՆ մեքենաների խախտումները, կազմված տուգանքի ակտերը հասցեատերերին չեն ուղարկվում:

Այս առիթով զրուցեցինք ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչու է ՊՆ-ն արտոնյալ. «Դա ներքին հրահանգ չէ, այլ պարզապես նրանց երթևեկությունը կարգավորում է ՌՈ-ն: Խախտման դեպքում իրենք ենթարկվում են կարգապահական տույժի»:

Գալստյանի խոսքերից «Ժողովուրդ»-ը եզրակացնում է, որ ՌՈ պետն իր ընտրությամբ է որոշում՝ ում տույժի ենթարկել, ում ոչ, և հենց դրա համար էլ ունի յուրայիններին բաժանված համարանիշեր:

«Իսկ ո՞վ պետք է տույժի ենթարկի ՌՈ պետին» հարցը թերթն ուղղել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով ասել է. «Եթե նման փաստ կա, թող գրավոր դիմում ներկայացվի. սա մեքենան, սա համարը, սա անձը՝ ում է պատկանում համարանիշը: Եթե նա կապ չունի ՊՆ-ի հետ, բայց ստացել է զինվորական պետհամարանիշ, արդեն կզբաղվի ՊՆ-ն»:

Գրավոր դիմումի փոխարեն ՊՆ աշխատակիցները կարող են ցանկացած օր մի քանի րոպեով կանգնել ՌՈ՝ Երևան քաղաքի բաժնի մոտ և կտեսնեն, թե տույժի քանի առիթ կա, եզրափակում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi