Home / Հայաստան / Փորձագետը չի հավատում, թե թուրքական մթերքը ՀՀ սահմանին պատշաճ կերպով ստուգում են

Փորձագետը չի հավատում, թե թուրքական մթերքը ՀՀ սահմանին պատշաճ կերպով ստուգում են

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հուլիսի 13-ի հրամանը, որով ուժը կորցրած է ճանաչվել թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի Հայաստանի տարածք ներկրման արգելքը, մեծ դժգոհություներ է առաջացրել որոշ ՀԿ-ների և քաղաքացիների շրջանում: Վերջիններս մտավախություն են հայտնում, թե Ադրբեջանից և Թուրքիայից ներկրված սնունդը հավանական է անվտանգ չլինի հայաստանցիների համար, իսկ մեր պետությունը չի կատարում ներկրվող մթերքի պատշաճ ստուգում:

Արգելքը հանելու հիմքերը ներկայացնելով Epress.am-ին՝ Գյուղատնտեսության նախարարի խոսնակ Անի Սմբատյանն ասել է, որ, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների և հումքի ներմուծումը Հայաստան իրականում երբեք էլ չի դադարեցվել, ուղղակի ուղեկցվել է փաստաթղթերի կեղծմամբ և այլ մեքենայություններով:

«Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիան անդամակցում են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որի շրջանակներում անդամ պետությունն այլ պետության նկատմամբ որևէ առևտրային սահմանափակում չի կարող կիրառել։  Ուստի, նման սահմանափակում չի կարող սահմանվել նախարարի հրամանով, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները կարող են սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով»,- նշել է խոսնակը:

Նա նաև հերքել է մտավախությունները, թե ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի կատարում իր գործառույթները, և հավաստիացրել, որ Հայաստանում առկա են անհրաժեշտ գործիքակազմն ու լծակները, որոնք, եթե  կիրառվեն, հանրությունը հնարավորություն կտան տեղեկանալ հիշյալ երկրների ծագում ունեցող մթերքների ներմուծման գործընթացին։

Հակառակ դրան «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը համոզված է, որ սննդի ստուգման չափանիշները պարզապես գրված են, և  դրանց համաձայն ստուգում իրականում չի անցկացվում:

«Մեր երկրում սննդի անվտանգության ծառայությունը միայն բլոճի առկայությունն է ստուգում, երբևէ տեսե՞լ եք, որ հայատարեն, թե գենետիկորեն փոխված միրգ են հայտնաբերել կամ այլ խախտում: Եթե գործի պատշաճ որակի վերահսկում լինի, ես դեմ չեմ, որ Թուրքիայից մթերք ներկրվի Հայաստան: Ավելին՝ կարելի է  մաքսային ճիշտ քաղաքականություն վարել և  մեր տեղական արտադրողի մշակած մթերքն ավելի մրցունակ դարձնել: Բայց դա հետագայում»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Պիպոյանը:

Ըստ նրա՝ այն, որ  Հայաստանը և Թուրքաիան միևնույն տնտեսական կազմակերպությունում են, չի նշանակում, որ մթերքի սահմանային ստուգում չպետք է անցկացնենք:  Նա հիշեցրել է, որ ծառայությունը պաշտոնապես հայտատարել է, որ Թուիքայից ներկրված ապրանքատեսակներից միայն մեկն է ստուգվում:

«Հանրային մեծ ճնշում է անհրաժեշտ ստիպելու համար, որպեսզի թուրքական մթերքը պատշաճ ստուգում անցնի: Նաև պետք է ներկրված գյուղմթերքի վրա, ինչպես այլ ապրանքների, փակցված լինի գրառում այն մասին, թե դա որտեղ է արտադրված»,- ասել է Պիպոյանը:

Tekali Taxi