Home / Տեսանյութեր / «Էդ քննիչին բերեք այստեղ». դատարանում բանակային գործով վկաների ցուցմունքները ճոխացրել են

«Էդ քննիչին բերեք այստեղ». դատարանում բանակային գործով վկաների ցուցմունքները ճոխացրել են

Դատարանում վկաները հայտարարել են, որ իրենց ցուցմունքներում չեն ասել այն, ինչ նրանց վերագրել է քննիչը:

«Մեհրաբ» զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց վերադասի նկատմամբ բռնություն կիրառելու գործով հերթական դատական նիստն անցկացվել է այսօր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի՝ զինծառայող եղբայրներ Կառլեն և Արտակ Սարգսյանները ու Մանուկ Մարգարյանը ծեծի են ենթարկել լեյտենանտ Դավիթ Մկրտչյանին: Մեղադրյալները պնդում են, թե Մկրտչյանն առաջինն է հարվածել, որից հետո Կառլենը մեկ պատասխան հարված է հասցրել, իսկ մյուս երկու զինծառայողները փորձել են հաշտեցնել նրանց: 

Epress.am-ի հետ զրույցում Սարգսյանների փաստաբան Անի Թորոսյանն ասել է, որ նիստում ցուցմունք են տվել վկաները՝ զորամասի հրամանատարի տեղակալ Ռոդեն Պողոսյանը, շարքայիններ Գարիկ Զաքարյանը և Գեղամ Մարգարյանը: Բոլոր վկաները դատարանում հայտարարել են, որ իրենց վերագրվող նախաքննական ցուցմունքները, որոնք հրապարակվել են դատարանում, իրականում իրենք չեն գրել:

Պողոսյանին հատկապես զայրացել է այն փաստը, որ իր ցուցմունքների փոխարեն քննիչն այլ բան է գրել:

«Էդ քննիչին բերեք այստեղ», – պահանջել է Պողոսյանը: Վկան հավաստիացրել է, որ ինքը միայն լսել է, թե Դավիթ Մկրտչյանն այլ մարդկանց պատմում է, որ ինքը չի հարվածել զինծառայողներին:

Հակառակ դրան, դատարանում հրապարակված Պողոսյանի նախաքննական ցուցմունքում դեպքը նկարագրված է եղել ամենայն մանրամասներով, մինչդեռ Պողոսյանը պնդել է, որ ինքը դեպքի ականատես չի եղել:

Շարքային Գագիկ Զաքարյանն էլ դատարանին ասել է, որ ինքը այն ծավալով, որը ներկայացվել է դատարանում, նախաքննական ցուցմունք չի տվել:

Դատարանում նա պատմել է, որ ինքը միայն տեսել է, թե սպան վիճում է ինչ-որ մեկի հետ նախասրահում, և նույնիսկ չի իմացել, թե ում հետ է վեճը եղել:

Մեկ այլ վկա՝ Գեղամ Մարգարյանը, հայտարարել է, որ իր ցուցմունքը տվել է ռազմական ոստիկանության աշխատակցի ցուցումով: Հրապարակած նախաքննական ցուցմունքի համաձայն, Մարգարյանն ասել է, որ տեսել է, թե մեղադրյալներից մեկը՝ Մանուկը, բռնել է սպային, իսկ եղբայրներից մեկը հարվածել է նրան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գործով մեկ այլ վկա՝ շարքային Արմեն Նազարյանը  պատմել էր, թե իր վրա ճնշում է գործադրվել, նրան ծեծել են ցուցմունք կորզելու համար:  

Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի, Հելսինկյան ասոցիացիա

Tekali Taxi