Home / Հայաստան / Օտարերկրացիների համար հեշտացնում են Հայաստանում բնակարան գնելու կարգը

Օտարերկրացիների համար հեշտացնում են Հայաստանում բնակարան գնելու կարգը

Այն օտարերկրացիները, ովքեր Հայաստանում բնակարան ձեռք կբերեն, արագ կացության վկայական կստանան և երկիր մուտք գործելու որևէ խնդիր չեն ունենա: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության որոշումը հավանություն տալ «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա բավարար հիմք է օտարերկրացիների հոսքը Հայաստան խրախուսելու, ինչպես նաև շինարարության ոլորտը խթանելու համար:

«2013 թ. ցուցանիշները, որոնք հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, վկայում են, որ շինարարության ոլորտում դեռևս մտահոգիչ գործընթացներ կան: Շինարարությունը ճգնաժամից հետո շարունակում է իր անկման միտումը, և դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ էլիտար բնակարանների պահանջարկը նվազել է: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ պահանջարկ կա էկոնոմ դասի բնակարանների նկատմամբ, բայց առաջարկը մեծ չէ: Մենք ձեռնամուխ ենք եղել մի ծրագրի մշակման, որի նպատակն է խթանել շինարարության ոլորտի ակտիվացումը: Բազմաթիվ առաջարկություններ ենք ստացել, դրանց մի մասն արդեն օրենսդրական իրացում է ստանում, մի մասը դեռևս պետք է իրականացնենք: Եթե օտարերկրացիները Հայաստանում բնակարան են ձեռք բերում, մենք նրանց համար կարճ ժամկետում ստեղծում ենք հարմարավետ միջավայր, որպեսզի այդ մարդիկ վստահ լինեն, որ արագորեն կստանան կացության վկայական և երկիր մուտք գործելու որևէ խնդիր չեն ունենա: Միջազգային փորձն էլ վկայում է, որ անշարժ գույքի ձեռքբերումը և կացության վկայականը միասին տալու դեպքում ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվում համանման գործարքներին մասնակցելու համար», – ասել է Սարգսյանը:

Նա նաև հայտարարել է, որ 2014 թվականին կառավարությունը ցանկանում է պետական ծառայողների համար հասանելի դարձնել բնակարանները, որպեսզի նրանք ի վիճակի լինեն հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել:

«Այսօր թիվ մեկ խոչընդոտն այն է, որ հիփոթեքային ցանկացած սխեմայով կանխավճար է պահանջվում: Շատ հաճախ պետական ծառայողները չունեն կանխավճարի գումարը և չեն կարողանում բնակարան ձեռք բերել, որի արժեքը մինչև 25 մլն դրամ է: Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք այդ 30 տոկոսի չափով, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն 30 տոկոսանոց կանխավճար: Ուսումնասիրությունը, ինչպես նաև կառուցապատողների առաջարկությունները ցույց են տալիս, որ դա էապես կարող է ավելացնել պահանջարկը», – ասել է վարչապետը: 

Նա նաև նշել է, որ կառավարությունը դիմելու է Երևանի քաղաքապետարանին, որպեսզի մայրաքաղաքում հարմար տարածքներ փորձեն գտնել՝ կառուցապատողներին տրամադրելու նպատակով, որպեսզի ավելի ցածր գներով հնարավոր լինի Երևանում կառուցապատում իրականացնել: Վարչապետի խոսքով՝ այժմ 1 քմ-ի արժեքը տատանվում է 800 դոլարի շրջանակում, և կառավարությունը նպատակ ունի մոտակա տարիներին առաջարկել կառուցապատողներին՝ կիրառել էկոնոմ դասի տեխնոլոգիաներ, որոնք էապես պետք է նվազեցնեն ինքնարժեքը: 

Tekali Taxi