Home / Հայաստան / Պետք էր մեքենաներին հրահանգել շրջանցել Կոմիտաս 5-ը. Օմբուդսմենը՝ ոստիկանների մասին

Պետք էր մեքենաներին հրահանգել շրջանցել Կոմիտաս 5-ը. Օմբուդսմենը՝ ոստիկանների մասին

Կոմիտասի 5-ում նոր շենքի կառուցման դեմ բնակիչների խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցները կիրառել են  ֆիզիկական ուժ, բերման են ենթարկել տասնյակ քաղաքացիների և ցրել հավաքը: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդեասյանը և ոստիկանության գործողությունները անհամաչափ որակել՝ հղում անելով համանման գործերով Մարդու Իրավունքների եվրոպահան դատարանի որոշումներին:

«Եվրոպական դատարանը նման իրավիճակում գտավ, որ բացակայում էր ցուցարարների կողմից հասարակական կարգին վտանգ ներկայացնելու վերաբերյալ որևէ ապացույց, բացառությամբ երթևեկությանը խոչընդոտելու հանգամանքը: Եվրոպական դատարանը սահմանեց, որ հասարակական վայրում կազմակերպված հավաքը, անշուշտ, կարող է հանգեցնել առօրյայի բնականոն ընթացքի, այդ թվում` երթևեկության, որոշակի խափանման: Ըստ այդմ, Եվրոպական դատարանը վճռեց, որ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ հավաքին միջամտությունն անհամաչափ է եղել և անկարգությունների կանխման համար ոչ անհրաժեշտ: Ուշադրության է արժանի Եվրոպական դատարանի մեկ այլ որոշումը Մահմուդովն ընդդեմ Ռուսաստանի գործով: Այս դեպքում ևս իշխանությունները արգելել էին նոր բազմաբնակարան շինության դեմ ուղղված խաղաղ հավաքի իրականացումը: Չնայած իշխանությունների արգելքին, հավաքն, այնուամենայնվիվ, տեղի էր ունեցել, սակայն ոստիկանության աշխատակիցները դադարեցրել էին խաղաղ հավաքը: Ռուսաստանի իշխանություններն իրենց գործողությունները հիմնավորելու համար որպես փաստարկ բերել էին «ահաբեկչական գործողությունների բռնկման» վտանգը: Այս գործով ևս Եվրոպական դատարանը ոստիկանության գործողությունները որակել էր որպես մարդու իրավունքների խախտում՝ շեշտելով, որ հավաքի կազմակերպման նկատմամբ արգելքները պետք է միմիայն կիրառվեն հավաքների ընթացքում բռնության և անկարգությունների լուրջ վտանգի առկայության դեպքում, և պետությունը չպետք է ուռճացնի բռնության վտանգը որպես հավաքի կազմակերպման խոչընդոտման միջոց»,- նշել է Կարեն Անդրեասյանը:

Ըստ ՄԻՊ-ի՝ Կոմիտաս 5-ում երթևեկության խոչընդոտումը լուրջ վտանգ չէր ներկայացնում ռազմավարական նշանակության որևէ օբյեկտի կամ պետական մարմնի բնականոն գործունեության համար: Ավելին, ոստիկանության աշխատակիցներն ունեին հավաքը դադարեցնելու փոխարեն իրավիճակը կարգավորելու այլընտրանք:

«Ոստիկանությունը կարող էր տրանսպորտային միջոցներին հրահանգել շրջանցել Կոմիտաս փողոցի այդ հատվածը և երթևեկել հարակից Հրաչյա Քոչար կամ Արամ Խաչատրյան պողոտաներով: Անհրաժեշտ էին միայն շրջանցին ուղղված համապատասխան տեխնիկական միջոցների ձեռնարկում, երբ կարող է արգելափակվել տրանսպորտային երթևեկության իրականացման համար նախատեսված պողատայի մի հատվածը: Նման պրակտիկա Երևանում շատ հաճախ կիրառվում է ճանապարհային նորոգման աշխատանքների, պաշտոնական պատվիրակությունների երթևեկության, հրապարակային միջոցառումների և այլ դեպքերում»,- հայտարարել է ՄԻՊ-ը:

Tekali Taxi