2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանը չէր կարող չմիանալ Մաքսային միությանը. Սերժ Սարգսյան

Որևէ պաշտոնյա Ռուսաստանի Դաշնությունից կամ Մաքսային միությունից կես բառ անգամ չի ասել Հայաստանի անդամակցության անհրաժեշտության մասին: Այս մասին այսօր ԵԽԽվ-ում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Շվեդիայի ԵԽԽՎ պատվիրակության անդամ Մարիետտա դե Պուրբե-Լունդինի հարցին:

Վերջինս նշել է, որ Հայաստանը պետք է Ասոցացման համաձայնագիր նախաստորագրեր Եվրամիության հետ, բայց վերջին պահին մտափոխվեց և որոշեց միանալ Մաքսային միությանը:

«Ռուսաստանը ճնշում է գործադրում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի վրա: Հայաստանի դեպքում, հասկանում եմ, որ այդ ճնշումը կարող էր խնդիր լիներ երկրի անվտանգության համար: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանից ստացել է «առաջարկ, որը չէր կարող մերժել»», - ասել է շվեդ պատգամավորը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը իր ուղուց չի շեղվել, և Մաքսային միությունը Ռուսաստանի Մաքսային միությունը չէ, այն մի քանի երկրների միություն է:

«Մենք բանակցությունների հենց սկզբից Եվրոպական հանձնաժողովից մեր գործընկերներին մշտապես ասել ենք, որ մեր  քաղաքականությունը կայանում է շահերի համադրման և ոչ թե հակասության մեջ: Մեր գործընկերները մեզ հետ համաձայնել են՝ ասելով, որ Արևելյան գործընկերությունը ուղղված չէ որևէ այլ երկրի, կառույցի դեմ և որ Արևելյան գործընկերությունը մշտապես կարող է փոխլրացնել այլ կառույցների կողմից տարվող աշխատանքը: Եվ հիմա էլ մենք պատրաստ ենք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել: Բայց, ցավոք սրտի, մեր հայտարարությունից հետո, Եվրոպական հանձնաժողովի մեր գործընկերներն ասացին, որ ուղղակի հակասության կա Մաքսային միության և Ազատ առևտրի պայմանագրի միջև: Կանոնների տարբերություն կա: Մենք առաջարկեցինք, որ այս պարագայում, խնդրեմ, ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, որը հիմնական քաղաքական բարեփոխումներ է ենթադրում, և մենք պատրաստ ենք, ոչ միայն պատրաստ ենք, այլ վճռական ենք մեր երկրում այլ բարեփոխումներ իրականացնել:

Գիտեք, ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Ես ձեզ անկեղծորեն ասում եմ՝ ես չեմ կարող հրապարակավ ոչ ճշմարտությունը ասել: Մենք ենք այդ ցանկությունը հայտնել, որովհետև ելել ենք շատ պարզ իրողությունից: Մենք 20 տարուց ավելին է, որ գտնվում ենք ռազմական անվտանգության մի համակարգում, որի բաղկացուցիչ մասերն են կազմում այն պետությունները, ովքեր այսօր ձևավորել են Մաքսային միությունը, և մենք չենք կարող մեկուսանալ աշխարհատնտեսական այն տարածքից, որի հետ 20 տարուց ավել համագործակցում ենք: Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը Եվրամիության հետ: Մեր ցանկությունը դա է», - հայտարարել է Սերժ Սարգսյանը: