Գլխավոր / Հայաստան / Հայաստանում 5-7 տոկոսով թանկացել է ծխախոտը

Հայաստանում 5-7 տոկոսով թանկացել է ծխախոտը

Երեկ, օրվա երկրորդ կեսից սկսած, երևանյան գրեթե բոլոր խանութներում փոխվել են ծխախոտների գնապիտակները. 5-7 տոկոսով թանկացել է «Ֆիլիպ Մորիսի» արտադրության գրեթե ողջ տեսականին՝ մոտ 40 անուն, մոտավորապես նույնքան թանկացան «Գրանդ տոբակո» և «Մասիս տաբակ» ընկերությունների արտադրած մոտ մեկ տասնյակ անուն սիգարետներ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ խանութներում պարզաբանել են, թե մանրածախ գնի աճը պայմանավորված է նրանով, որ երեկ այդ մատակարարներն են բարձրացրել մեծածախ գները։

Նշված ընկերությունների ներկայացուցիչներից թերթին չի հաջողվել պարզաբանումներ ստանալ՝ գների բարձրացման պատճառների վերաբերյալ։ Նույնպես չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

«ՀԺ»-ն նշում է, որ սիգարետների թանկացումը բավական անսպասելի է։ Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսդրության մեջ չի կատարվել որևէ փոփոխություն, որով ծխախոտի ներկրման և արտադրության վրա նոր հարկատեսակ, կամ հարկային նոր դրույքաչափ կիրառվեր այս տարվա հոկտեմբերի 1-ից։ Ծխախոտի պատրաստի արտադրանքի կամ հումքի գները վերջին շրջանում փոփոխության չեն ենթարկվել նաև արտասահմանում, որտեղից ներկրվում են դրանք։

«Սա թերևս շղթայական գնաճային երևույթի դրսևորում է», — գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում