Գլխավոր / Հայաստան / Չեմպիոնների Լիգա. «Բավարիայի» փայլուն խաղը և զավեշտալի ինքնագոլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների Լիգա. «Բավարիայի» փայլուն խաղը և զավեշտալի ինքնագոլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրում գործող չեմպիոնը՝ Մյունխենի «Բավարիան», մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

Ֆուտբոլիստների ընտրությամբ և ամբիցիաներով D խմբում ընդգրկված երկու թիմերին կարելի է համեմատել, սակայն խաղադաշտում «Բավարիան» ապացուցեց, որ մի քանի գլուխ ուժեղ է: Մինչև 79-րդ րոպեն «Սիթին» ոչ մի պահ մրցակցի դարպասի մոտ չստեղծեց, իսկ «Բավարիան» կարող էր 6-7 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Միայն վերջին 10-15 րոպեներին՝ 0:3 հաշվի ժամանակ, «Սիթին» փորձեց ֆուտբոլ խաղալ և անգամ գնդակ խփեց, սակայն արդեն ուշ էր ինչ-որ բան փոխել, բացի դա, դաշտի տերերին օգնեց այն փաստը, որ մյունխենցիները մեծ հաշվով դադարեցին խաղալ:

Այժմ «Բավարիան» D խմբի առաջատարն է՝ 6 միավորով, «Սիթին» և Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որը սեփական հարկի տակ հաղթեց Չեխիայի չեմպիոն «Վիկտորիային»՝ 3:2 հաշվով, 3 միավոր ունեն, իսկ չեխերը միավոր չեն վաստակել:

Ի դեպ, ԲԿՄԱ-Վիկտորիա խաղում գրանցվեց ընթացիկ մրցաշարի ամենազավեշտալի գոլը: 78-րդ րոպեին չեխերի պաշտպան Ռադիմ Ռեզնիկը գնդակը հետ էր ուղարկում դարպասապահ Մատուշ Կոզաչիկին, սակայն վերջինս չկարողացավ կասեցնել այն:

A խմբում Դոնեցկի «Շախտյորը» կարողացավ ոչ-ոքի՝ 1:1 խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ Լևերկուզենի «Բայերը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Ռեալ Սոսյեդադին»: Այս խմբում փլեյ-օֆ փուլի երկու ուղեգրերի համար թեժ պայքար է սպասվում. «Շախտյորն» ու «Յունայթեդը» 4-ական միավոր ունեն, «Բայերը»՝ 3, իսկ «Սոսյեդադը» միավորներ չի վաստակել:

B խմբում առաջատարն ակնհայտ է: Մադրիդի «Ռեալը» Կրիշտիանու Ռոնալոդուի և Անխել դի Մարիայի դուբլերի շնորհիվ պարտության մատնեց «Կոպենհագենին», իսկ «Յուվենթուսը» երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց՝ այս անգամ սեփական հարկի տակ թուրքական «Գալաթասարայի» հետ՝ 2:2: Այս խմբում մադրիդցիները 6 միավոր են վաստակել, «Յուվենթուսը»՝ 2, «Գալաթասարայն» ու «Կոպենհագենը» 1-ական միավոր ունեն:

C խմբում էլ ակնհայտ ֆավորիտ կա: Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» սեփական հարկի տակ դեռևս 1-ին խաղակեսում 3 գնդակ ուղարկեց պորտուգալական «Բենֆիկայի» դարպասը՝ հաղթելով 3:0 հաշվով: Խմբի մյուս խաղում հունական «Օլիմպիակոսը» Բելգիայում 3 գնդակ ուղարկեց «Անդերլեխտի» դարպասը: Նշենք, որ հույների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Կոստաս Միտրոգլուն, իսկ դարպասապահ Ռոբերտոն 2-րդ խաղում անընդմեջ 11-մետրանոց հետ մղեց: Խմբում առաջինը ֆրանսիական թիմն է՝ 6 միավոր, 3-ական միավոր են վաստակել «Բենֆիկան» ու «Օլիմպիակոսը», իսկ «Անդերլեխտը» միավորներ չունի: