Home / Տեսանյութեր / Ակտիվիստները խոստանում են գազի համար վճարել նախկին սակագնով. ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակտիվիստները խոստանում են գազի համար վճարել նախկին սակագնով. ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել կառավաության շենքի մոտ, ապա երթով շարժվել դեպի Սարյան փողոցում գտնվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենք:

Ակցիայի համար հիմք էր հանդիսացել հոկտեմբերի 2-ին Ազգային Ժողովի ամբիոնից ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցը, թե շուրջ 6 ամիս է՝ իրեն չեն տրամադրում գազի սակագնի թանկացման պայմանագիրը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեել էր, որ նման պայմանագիր չկա, դեռ բանակցային փուլում է, ստորագրվելու դեպքում դրա մասին տեղյակ կլինեն բոլորը: ԱԺ-ում կայացած զրույցից մեկ օր անց Տիգրան Սարգսյանը զանգահարել է Արամ Մանուկյանին: Վերջինիս խոսքով՝ այս անգամ վարչապետը նշել էր, որ պայմանագիր կա երկու սուբյեկտի միջև՝ ռուսասաստանյան կողմի և «Հայռուսգազարդ»-ի:

Ակցիայի մասնակիցներին վրդովվեցրել է այն փաստը, որ իրենք պայմանագիրը չեն տեսել: Նրանց խոսքով՝ շուրջ 3 ամիս է՝ ժողովրդից  խաբեությամբ գումար են գողանում պետական մակարդակով:

«Չկա պայմանագիր, ուստի՝ ինչի հիման վրա է «Հայռուսգազարդ»-ը դիմել ՀԾԿՀ-ին գինը թանկացնելու համար, և ինչ հիմքով է տվյալ հայտն ընդունվել ՀԾԿՀ-ի կողմից և ինչու է թանկացել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը», – բարձրախոսով հայտարարել է ակտիվիստ, մասնագիտությամբ իրավաբան Արգիշտի Կիվիրյանը:

Ակցիայի մասնակից, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Еpress.am-ի հետ զրույցում նշել է, թե ՀՔԿՀ-ի որոշումը բողոքարկվել է, գործը դատարանում է, սակայն որևէ առաջխաղացում չկա:

«Համապատասխան որոշումներ ընդունելու վերաբերյալ դատարանը սպառել է օրենքով սահմանված ժամկետները: Քաղաքացիների պահանջը բնական է՝ ստվերային վիճակից քննարկվող խնդիրը պետք է դուրս գա, և ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիներն այսօր ավել գնով վճարում գազի դիմաց: Քաղաքացիներն իրավունք ունեն պահանջել իրենց կենսական շահերին վերաբերող կարևոր հարցի մեջ հստակ տեղեկություն, որովհետև ժողովրդի մեջքի հետևում գործարքներ են կնքում և ժողովրդին փաստի առաջ են կանգնեցնում», – ասել է Ղուկասյանը:

Ակցիայի մասնակիցները նաև հայտարարել են, որ հստակ պատասխաններ  չստանալու դեպքում իրենք կդիմեն անհնազանդության, իսկ գազի և էլեկտրաէներգիայի համար կսկսեն վճարել նախկին սակագնով: