Home / Հայաստան / Պոլիտեխնիկի դասախոսներն Աշոտյանին խնդրելու են փոխել ռեկտորին. վերջինս պնդում է՝ գումար չկա

Պոլիտեխնիկի դասախոսներն Աշոտյանին խնդրելու են փոխել ռեկտորին. վերջինս պնդում է՝ գումար չկա

ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) դասախոսական կազմի մի մասը պատրաստվում է նամակ գրել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ նոր կառավարման խորհուրդ կազմավորելու և ռեկտոր Արա Ավետիսյանին փոխելու պահանջով: Բուհի խնդիրների ու տեղի ունեցող իրադարձությունների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը: Պրոֆեսորի խոսքով՝ բողոքում է դասախոսների հիմնական մասը, իսկ խնդիրները կներկայացվեն ստորագրահավաքի արդյունքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերից բարձրացվել է բուհում ուսման վարձը, իսկ ահա դասախոսների աշխատավարձերը նվազել են, ինչը դժգոհություն է առաջացրել վերջիններիս շրջանում: Դասախոսների խոսքով՝ աշխատավարձերը նվազել են 30-35 տոկոսով:

«Խնդիրը բազմիցս ներկայացվել է, իսկ  բուհը, որպես կազամակերպություն, կանգնած է ֆինանսական կոլապսի՝ սնանկության առաջ: Վիրավորականն այն է, որ դրանք տեղի են ունենում բարեփոխումներ անվան ներքո, ինչի արդյունքում էլ կրճատվում են դոցենտներն  ու պրոֆեսորները, մեծանում է աշխատանքի ծավալը, աշխատավարձը՝ նվազում: Բոլոր կողմերից բուհը անկում է ապրում», – այսօրվա ասուլիսին նշել է Աշոտ Խաչատրյանը:

Նա ընդգծել է, թե հարցը ուղղված է ոչ թե ռեկտորի անձին, այլև բուհը փրկելուն, իսկ երեկ բուհում կայացած նիստի ժամանակ բոլոր ելույթները միարժեքորեն բացասական են եղել և դեմ ռեկտորի իրականացրած քաղաքականությանը:

«Բուհում վախի մթնոլորտ է ձևավորվել, շատերը վախենում են առերևույթ դեմ գնալ ռեկտորին, քանի որ վերջինս կարող է իրենց հեռացնել աշխատանքից: Հեռացման հետ կապված վախ ունեն հատկապես թոշակառուները», – եզրափակել է Խաչատրյանը:

ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանն այսօր նույնպես հանդիպել է լրագրողների հետ և հայտարարել, որ աշխատավարձերի իջեցման պատճառն այս տարի ընդունված ուսանողների թվի նվազումն է, և այժմ բուհը ֆինանսական խնդիրներ ունի: Այդ պատճառով էլ կրճատվել են դասախոսների ժամերը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր դասախոս կստանա աշխատավարձ՝ ըստ աշխատանքային ծանրաբեռնվածության:

Ռեկտորը նշել է, որ երբ 2 տարի առաջ ինքը բուհ է եկել, դասախոսներն էլ ավելի քիչ էին ստանում, և ինքը բարձրացրել է աշխատավարձերը: 

Tekali Taxi