«Ցատկերի» և «անկումների» բերկրանքը՝ Դիանա Հակոբյանի նոր ցուցահանդեսում
Շարժում, արագություն, թեթևություն, անկշռություն... պարամետրեր, որոնք թերևս կարող էին ներհատուկ լինել շարժվող պատկերի, սակայն դրանք բնութագրում են Դիանա Հակոբյանի նոր կտավները: Անասելի արագությամբ ընթացող էլեկտրիկ արդյունաբերական բնանկարները ստիպում են մոռացության մատնել իրենց կտավային պատկանելությունը. որոշակի կապ է ստեղծվում մի քանի մեդիա իրականությունների միջև, և ծնվում է վիդեո և լուսանկարչական տարրերով հանդերձ մի նոր գեղանկարչություն: Հոկտեմբերի 15-ին «Դալան» արվեստի սրահում բացվող Դիանա Հակոբյանի ցուցահանդեսին ընդառաջ վերջինիս արվեստին նման բնորոշում է տվել համադրող Եվա Խաչատրյանը:
Նա ընդգծում է, որ Դիանա Հակոբյանի վիդեո աշխատանքներին հատուկ խաղի տարրը առկա է նաև այս նոր աշխատանքներում, թեև այստեղ այդ խաղն ավելի վերացական բնույթ է կրում. այն այլ իրականության մեջ հայտնվելու ձգտումը, փոխանցումն ու ընկղմումն է:
«Եթե իր վիդեո աշխատանքների մեծամասնությունը կրում է սուբյեկտիվ /անձնական/ բնույթ, և հեղինակն է ներկա այդ աշխատանքներում և խաղում է իր իսկ ստեղծած խաղերը, որոնք երբեմն էլ սոցիալական բովանդակություն ունեն՝ կապված կանանց խնդիրների հետ, ապա այս պարագայում խաղերը տեղի են տալիս կտրվածությանն ու հեռահարությանը: Սա նոր և ցանկալի աշխարհի ստեղծումն է: Պատկերված կերպարների «ցատկերի» և «անկումների» թեթևության շնորհիվ այդ կերպարները ներդաշնակորեն միաձուլվում են շրջապատող իրականությանը», - նշում է Խաչատրյանը:
Հակոբյանի կտավները կարելի է անվանել ամենատարբեր տրամադրություններ պատկերելու որոշակի փորձ. դրանց մեջ սողոսկում են երանգներ, ինչպիսիք են՝ միայնությունը, զանազան խոչընդոտների հաղթահարման ձգտումը, մեծ արագությամբ առաջ ընթանալու ցանկությունը, կամ ընդհակառակը՝ ժամանակի կանգնեցումը:
«Միևնույն ժամանակ նկատվում է գույնի բավականին հանդուգն խաղ, որը կրկին այս կամ այն տրամադրության կամ հոգեվիճակի արտահայտչամիջոց է: Դրամատիկ երանգները, որոնք բնորոշվում են հանդարտությամբ, հատուկ են բնության եթերային պատկերներին գունային գամմայի իրենց մինիմալիստական կիրառությամբ, այնինչ, արդյունաբերական միջավայրը հագեցած է գունային պոռթկումներով, շարժմամբ և արագությամբ: Այսկերպ, ընդհանուր առմամբ կարելի է նկատել մի քանի զուգահեռ աշխարհներ և շերտեր, որոնք պատկերվում են հեղինակի կողմից և գոյություն ունեն և՛ մեր մեջ, և՛ մեզնից անդին: Այդուհանդերձ հեղինակը հատուկ շեշտադրում է ոչ թե այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, այլ այն, որտեղ մենք ցանկանում ենք ապրել, և հաճախ այդ աշխարհը՝ մեր երազներն են, որոնք երբեմն այնքան գայթակղիչ են լինում, որ արթնանալը կարծես դառնում է անհնարին:
Բոլոր «ցատկերի» և «անկումների» հետապնդածը մեկն է՝ բերկրանք: Դրանք ստիպում են մոռանալ շրջապատող իրականությունը և ընկղմում են քեզ միանգամայն այլ՝ խնդությամբ լի աշխարհ: Ականատեսն ենք դառնում բացարձակ արվեստի, որն այդպես էլ պոռթկում է դուրս՝ ազատվելով այլևայլ կապանքներից և խոչընդոտներից», - եզրափակում է Խաչատրյանը:


