Home / Տեսանյութեր / «Թեղուտի» նախաձեռնությունը կոչ է անում ԱՄՆ-ին և Մեծ Բիրտանիային միջամտել

«Թեղուտի» նախաձեռնությունը կոչ է անում ԱՄՆ-ին և Մեծ Բիրտանիային միջամտել

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին՝ ՀՀ-ում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները դադարեցնելու և նրանց գործողությունների օրինականությունը հետաքննելու կոչով: Այս մասին քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի մշտական փոխքարտուղար ու դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Ֆրեյզերին հղված նամակում նշված են դեսպանների կողմից դիվանագիտական նորմերին և էթիկայի կանոններին հակասող կոնկրետ դեպքերը, ոսկու հանք շահագործելու մտադրություններ ունեցող «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերության հանքարդյունաբերական ծրագրի հակասությունները ազգային օրենսդրությանը և դրա բնապահպանական ու սոցիալական վտանգները:

Նախաձեռնությունը ընդգծել է, որ 2013 թվականի հուլիսի 18-ին կառավարության 1787-Ն որոշուման հավելվածով հաստատել է «Սևանա լճի ջրհանք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը», որով, ըստ էության, վերջ է դրվում Ամուլսարի շահագործման պրոյեկտին, քանի որ Ամուլսարի գրեթե ողջ տարածքն ընդգրկվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում: Համաձայն նշված հավելվածի՝ «Սևանա լճի վրա անմիջական ազդեցության գոտին սկսվում է կենտրոնական գոտու արտաքին սահմանից և ձգվում է մինչև Սևանա լիճը շրջափակող լեռնաշղթաների ջրբաժանը, ընդգրկում է նաև ավազանի մաս կազմող Արփա և Որոտան գետերի վերին հոսանքների ջրհավաք ավազանները, Որոտան-Սևան հիդրոտեխնիկական համալիրի երկայնքով և թունելի առանցքից 3000-ական մետր լայնությամբ շերտագիծը, Կեչուտ և Սպանդարյան ջրամբարներն իրենց ջրհավաքներով: Ամիջական ազդեցության գոտում ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հ հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա»:

Ըստ հայտարարության հեղինակների՝ իրավական տեսանկյունից խիստ խոցելի և հանրային դժգոհության լայն ալիք բարձրացրած նախագծին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցչության կողմից ցուցաբերվող աջակցությունը բացասական հետագիծ է թողնում այդ երկրների կողմից հռչակված՝ ժողովրդավարության, իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի սկզբունքներին և նպատակներին:

Tekali Taxi