Գլխավոր / Հայաստան / Նյարդերը տեղի են տալիս. թերթը՝ Ծառուկյան-Բաղդասարյան վեճի մասին

Նյարդերը տեղի են տալիս. թերթը՝ Ծառուկյան-Բաղդասարյան վեճի մասին

Շաբաթ օրը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջև տեղի ուենցած լեզվակռիվը, որը հայհոյանքների է վերաճել, նախապատմություն ունի: Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, անցած շաբաթ Արթուր Բաղդասարյանը դարձել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, սակայն դա համաձայնեցված չի եղել Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այժմ պաշտոնյաների լեզվակռիվը տեղափոխվել է սոցիալական ցանցեր. Ծառուկյանի կողմնակիցները «Ֆեյսբուք»-ում էջ են ստեղծել՝ «Ես զզվում եմ Արթուր Բաղդասարյանից», իսկ վերջինիս կողմնակիցների բացած էջն անվանվում է՝ «Դոդի Գագո՝ բռնաբար»:

Թերթը գրում է, որ այս պահին Գագիկ Ծառուկյանն ակնհայտորեն դիսկոմֆորտ է զգում Սերժ Սարգսյանի կողմից իրեն հատկացված դերում:

«Եթե Արթուր Բաղդասարյանը շատ կարճ ժամանակ կատարեց «ընդդիմադիրի» իր դերը և 2008-ի մարտի 1-ից առաջ պաշտոնապես դարձավ իշխանություն ու հիմա վայելում է այդ կարգավիճակը, ապա Գագիկ Ծառուկյանը նույն դերը շատ ավելի երկար է խաղում ու դեռ հայտնի չէ, թե երբ է գալու այն X օրը, որի համար բեմադրվում է ներկայացումը…

Ու Գագիկ Ծառուկյանը պետք է ըմբռնումով մոտենա այդ ամենին՝ հասկանալով, որ մի օր այդ ամենը կավարտվի և ինքը քաղաքական թատերաբեմում կլինի որպես այն, ինչ կա իրականում՝ իշխանության լիարժեք ներկայացուցիչ: Բայց այդ օրը ինչ-որ ձգձգվում է և նյարդերը տեղի են տալիս», — գրում է «ՀԺ»-ն:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում