Home / Տեսանյութեր / Հայաստանում բարոյական վնասի դիմաց հնարավոր կլինի նյութական փոխհատուցում ստանալ

Հայաստանում բարոյական վնասի դիմաց հնարավոր կլինի նյութական փոխհատուցում ստանալ

ՀՀ Սահմանադրական դատարանը, քննելով բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցման իրավական ինստիտուտի բացակայության սահմանադրականության հարցը, ընդունել է, որ բարոյական վնասի փոխհատուցման կիրառումը հնարավոր չէ «վնաս» հասկացությունը սահմանող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պատճառով, և հետևաբար՝ հակասահմանադրական է: Այս մասին ասված է այսօր ՍԴ-ի կողմից հրապարակված վճռում:

Նշենք, որ հակասահմանադրական ճանաչված հոդվածում «վնաս» հասկացությունը սահմանվում է հետևյալ կերպ. «Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)»: Այսինքն՝ հոդվածում բարոյական վնասի մասին չի խոսվում:

Հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու համար իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը դիմել էր ՍԴ՝ Վարդան Խաչատրյանի իրավունքների խախտման գործով:  Թեև դեռևս 2009 թվականին ՍԴ-ն 833-րդ որոշումն էր կայացրել՝ փաստելով, որ Խաչատրյանի իրավունքները ոտնահարվել են, սակայն մինչ օրս նա փոխհատուցում չի ստացել: Նրա մահից հետո որդուն՝ Արթուր Խաչատրյանին, առաջին ատյանի դատարանը, ապա նաև Վերաքննիչ դատարանը բարոյական փոխհատուցում այդպես էլ չի հատկացրել, քանի որ Հայաստանում նման հոդված օրենքով չի նախատեսվում:

Նշենք, որ բարոյական փոխհատուցման մեխանիզմի բացակայության մասին բազմիցս ահազանգել են թե տուժածները, թե իրավապաշտպանները, դրա մասին խոսել է նաև Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը: Հայաստանի դեմ վճիռներով՝ ՄԻԵԴ-ը փաստել է, որ, բարոյական վնասի փոխհատուցում չտրամադրելով, մեր պետությունը խախտում է Մարդու իրավունքների կոնվենցիայի 13-րդ հոդվածը (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք): Բարոյական փոխհատուցման իրավունքի խախտման մասին ասված է Արմեն Պողոսյանի և Գրիշա Վիրաբյանի գործերով ՄԻԵԴ-ի վճիռում:

Այսօր ՍԴ-ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ  է սահմանել 2014թ.-ի հոկտեմբերի 1-ը: Դատարանը կարծիքով՝ «հրապարակման պահին անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կհանգեցնի այնպիսի հետևանքների, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ պահանջվում է բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտի համակարգված օրենսդրական կանոնակարգում»:

Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասել է, որ Արդարադատության նախարարությունը բարոյական վնասը փոխհատուցելն ապահովելու համար նոր օրենդրական նախագիծ է մշակում: 

Tekali Taxi