հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռուսաստանը Ադրբեջանին շանտաժի է ենթարկում, բայց հողերի վերադարձ չի երաշխավորում. հարցազրույց

Ռուսաստանը Ադրբեջանին շանտաժի է ենթարկում, բայց հողերի վերադարձ չի երաշխավորում. հարցազրույց

Ռուսաստանը շարունակում է մնալ Հարավային Կովկասում խոշոր պատերազմի պոտենցիալ խթանողը՝ իրավիճակի ապակայունացման, ու, որպես հետևանք, սեփական դիրքերի ամրապնդման նպատակով:

«Բիզիմ յոլ» ադրբեջանական թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեյլա Ալիևան:

«Բիզիմ յոլ» – Վերջին օրերին ԼՂ հակամարտության առիթով տարբեր հայտարարություններ են հնչում, որոնք ավելի շատ տրամադրում են պատերազմի, քան խաղաղության: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ուշադրություն է դարձնում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրենց սպառազինությունների հզորացման վրա: Միևնույն ժամանակ, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում կոնֆլիկտին կմիջամտեն ռուսաստանյան զորքերը: Ի՞նչ է տեղի ունենում: Շանտա՞ժ, սպառնալիքնե՞ր, քաղաքական առևտո՞ւր:

Լեյլա Ալիևա – Ռուսաստանը հասկանում է, որ Հարավային Կովկասում շանտաժը լավ է աշխատում: Ռուսաստանցի զինվորականի հայտարարությունը շանտաժ է, ու ոչ միայն Ադրբեջանի, այլև Արևմուտքի նկատմամբ: Ռուսաստանը չի դիմանում նրանց տնտեսական մրցակցությանն ու հասկանում է, որ շանտաժի քաղաքականությունը վատթարացնում է իր հարաբերությունները Ամերիկայի ու Եվրոպայի հետ, այնուամենայնիվ, շարունակում է իր քաղաքականության մեջ նման միջոցներ օգտագործել: Հայաստանում շանտաժի մարտավարությունն աշխատեց, ու Երևանը համաձայնեց միանալ Մաքսային միությանը: Հետևաբար, Կրեմլը վստահ է, որ դա կընդունվի նաև այլ պետությունների կողմից:

«Բիզիմ յոլ» – Այդ տարբերակն Ադրբեջանում կաշխատի՞:

Լեյլա Ալիևա – Ադրբեջանում դա չի հաջողվի, քանի որ պաշտոնական Բաքվի լեգիտիմության բազան կապված է Արևմուտքի հետ, այն էլ՝ մասամբ: Խոսքը գնում է էներգետիկ անվտանգության և այլ գործոնների մասին:

«Բիզիմ յոլ» – «Ենի Մուսավաթ» թերթը սենսացիոն նորություն է տարածել՝ Ռուսաստանն իր համաձայնությունն է տվել Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հինգ շրջանների ազատգրման մասին, ինչի դիմաց Ադրբեջանը պետք է միանա Մաքսային ու Եվրասիական միություններին: Այս տեղեկությունը որքանո՞վ է համոզիչ:

Լեյլա Ալիևա – Ես դրան չեմ հավատում: Մարդիկ նախկինում էլ հույս ունեին, որ եթե Ադրբեջանը լիներ Ռուսաստանի հետ, ապա օկուպացված տարածքները կվերադրաձվեին: Մյուս կողմից, եթե դա իսկապես այդպես է, ապա Ռուսաստանը պետք է ամուր երաշխիքներ տա, որ Ադրբեջանի՝ այդ միություններին անդամակցելու դիմաց Ադրբեջանական հողերը կազատագրվեն: Երաշխքիներ, որ Ռուսաստանը հետագայում չի հրաժարվի իր խոստումներից, չկան:

«Բիզիմ յոլ» – Թերթը, սակայն, գրում է, որ Ադրբեջանն արդեն կատարել է պայմաններից մեկն ու աշխատանքից հեռացրել Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին: Մյուս կողմից, Պաշտպանության նախարարություն է վերադարձվել սլավոնական ծագում ունեցող գեներալ Անատոլի Վասյակը, ով նշանակվել է ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում:

Լեյլա Ալիևա – Պաշտպանության նախարարությունում ինչ-որ բաքվեցի ռուսի նշանակումը պատասխանատու պաշտոնի չի նշանակում, որ այդ մարդը պարտադիր կապ ունի Կրեմլի հետ:  Աբիևին աշխատանքից հեռացնելը կապված է ներքին գործոնի հետ:

«Բիզիմ յոլ» – Ղարաբաղում պատերազմի հավանականություն կա՞:

Լեյլա Ալիևա – Պատերազմի հավանականություն միշտ էլ կա: Իմ կարծիքով` կայունությունը կարող է խախտել Ռուսաստանը: Եթե Կրեմլը նման հետաքրքրություն չունենա, կայունությունը կպահպանվի:

Այնուամենայնիվ, տարածաշրջանում կայունությանը սպառնացող այլ գործոններ էլ կան: Օրինակ, Իրանի շուրջ իրավիճակը: Մյուս կողմից, եթե Հարավային Կովկասի երկրները ՆԱՏՕ մտնելու ցանկություն հայտնեն, Ռուսաստանը կփորձի գործի դնել բոլոր միջոցները դա կանխելու համար: Ռուսաստանն անգամ կարող է Ղարաբաղում պատերազմ խթանել, որպեսզի շեղի ուշադրությունը երկրի ներսում առկա ճգնաժամից: Պատահական կրակոցները կարող են Ղարաբաղում նոր պատերազմ հրահրել: Պատերազմի աղբյուր կարող է դառնալ Ռուսաստանը: