2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բանակային գործ. քննիչը պաշտպանական կողմի հարցերին չի պատասխանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դատարան ներկայացած քննչական խմբի ղեկավարը հայտարարել է, որ իր գործողությունները համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը: Ավելի վաղ բանակային գործով դատավարության ընթացքում վկան բարձրաձայնել էր խախտումների մասին:

Նոյեմբերի 19-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Արտակ և Կառլեն Սարգսյանների և Մանուկ Մարգարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ զինծառայող եղբայրներ Կառլեն և Արտակ Սարգսյանները ու Մանուկ Մարգարյանը ծեծի են ենթարկել լեյտենանտ Դավիթ Մկրտչյանին: Մեղադրյալները պնդում են, թե Մկրտչյանն առաջինն է հարվածել, որից հետո Կառլենը մեկ պատասխան հարված է հասցրել, իսկ մյուս երկու զինծառայողները փորձել են հաշտեցնել նրանց:

Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, նախորդ դատական նիստին ավարտելով քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը, դատաքննությունը լրացնելու պատճառաբանությամբ որոշել էր դատարան հրավիրել և հարցաքննել քննչական խմբի ղեկավար Դավիթ Ֆրջյանին, ով ներկայացել էր դատարան:

Ինչպես հաղորդում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը, Ֆրջյանը, բնականաբար, հայտնել է, որ քննչական գործողություններն իրականացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, մինչդեռ պաշտպանական կողմի և դատարանի հարցերին քննչական խմբի ղեկավարը կոնկրետ պատասխաններ չի տվել: Հիշեցնենք, որ ավելի վաղ գործում ներգրավված վկա Արմեն Նազարյանը հայտնել էր, որ իրեն սպառնալով ստիպել են սուտ ցուցմունք գրել:

Նշենք նաև, որ դատական նիստին չէր ներկայացել տուժողը. հաջորդ նիստին նրա մասնակցությունը ապահովելու համար կայացվել է բերման ենթարկելու որոշում:

Մանրամասները՝ Արման Վեզիրյանի տեսանյութում