ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է օրենքով արգելել ծխախոտի ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը, մինչդեռ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում:
«Ինձ համար մի փոքր զարմանալի է, – հավելել է վարչապետը, – քանի որ բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք, մինչդեռ ռիսկերը համադրելի չեն, ծխախոտից ամեն օր մարդ է մահանում: Բայց չգիտես ինչու հասարակությունը շատ ավելի հանդուրժող է այս հիվանդության նկատմամբ, քան բնապահպանական ցանկացած այլ երևույթի: Պայմանավորվենք, որ մենք սա պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձելու հասարակության մեջ էլ տրամադրություն ստեղծել, որպեսզի օժանդակեն մեզ այս հարցում»: