Գլխավոր / Տեսանյութեր / «Վախենում են ընդդիմադիր ընկալվելուց». լեզվաբանը՝ ԽՍՀՄ-ի տարիների վտանգի մասին

«Վախենում են ընդդիմադիր ընկալվելուց». լեզվաբանը՝ ԽՍՀՄ-ի տարիների վտանգի մասին

Հայաստանում որևէ լեզվի որևէ կարգավիճակ տալը կնշանակի ոտնահարել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական լեզվի իրավունքները: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու շուրջ զրույցներին:

«Կլինի ռուսերեն, անգլերեն, պարսկերեն կամ ցանկացած այլ լեզու, կարգավիճակի հարցը Հայաստանի Հանրապետության տարածքում անհնարին է, իսկ միջազգային կազմակերպություններում խնդրի շուրջ խոսակցությունը տեղափոխվում է արդեն այլ հարթություն», – ասել է մեր զրուցակիցը:

Դավիթ Գյուրջինյանը մտավախություն է հայտնել, որ Հայաստանին կարող է սպառնալ խորհրդային տարիներին եղած վտանգը, երբ պաշտոնապես ասվում էր, որ հայերենը Խորհրդային Հայաստանի պետական լեզուն է, սակայն չգրված օրենք կար՝ հիմնարկների զգալի մասում գրությունը ռուսերենով էր, աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալիս էին ռուսական կրթություն ունեցողներին:

Լեզվաբանը համոզված է՝ խնդրի դեմ պայքարելու համար պետք է ունենալ առողջ և ուժեղ մտավորականություն, որն այս պահին չպետք է լռի:

«Ինչո՞ւ չեն խոսում բուհերի դասախոսները, ակադեմիական հիմնարկների գիտաշխատողները: Պետք է քաղաքացիական դիրքորոշում ցույց տալ: Հայագիտական թևի ներկայացուցիչներն էլ են լռում, կարծես դա իրենց չի հետաքրքրում: Իսկ լռությունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ տարբեր հաշիվներ ունեն. մեկը պաշտոնի ակնկալիք ունի, մեկը՝ մեդալի, մյուսն ուզում է իշխանության թևի տակ լինել, մեկ ուրիշն ինչ-ինչ հույսեր է փայփայում և որոշում է հանկարծ ընդդիմադիր չընկալվել, բայց այստեղ խոսքը ընդդիմադիր լինելու մասին չէ, այստեղ հայ մարդու, ՀՀ քաղաքացու դիրքորոշման խնդիրն է, ու այդ չակերտյալ մտավորականները չպետք է վախենան: Ի դեպ, վախն էլ խորհրդային մնացուկ է, – եզրափակել է Դավիթ Գյուրջինյանը:

Լուսանկարը՝ Դավիթ Գյուրջինյանի ֆեյսբուքյան էջից

Tekali Taxi