Գլխավոր / Հայաստան / ՌԴ-ն ամեն ինչ կանի՝ Հայաստանը զարգացող երկիր դարձնելու համար, վստահ է Մանուչարյանը

ՌԴ-ն ամեն ինչ կանի՝ Հայաստանը զարգացող երկիր դարձնելու համար, վստահ է Մանուչարյանը

Ռուսաստանն այսօր ձգտում է վերականգնել աշխարհաքաղաքական ազդեցությունը հետխորհրդային տարածքներում և ցանկանում է բոլորի հետ ունենալ որաշակի հարաբերություններ: Այդ իսկ պատճառով, մասնավորապես, Ադրբեջանին զենք է վաճառում, հարաբերություններ է հաստատում՝ փորձելով վերադարձնել Ադրբեջանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Այդ համատեքստում խոսելով Հայաստանի անվտանգության մասին՝ նա նշել է, թե վերջինիս ռազմական դերը, նշանակությունն ու հզորությունը նախկինի համեմատ էապես ավելի բարձր է, քանի որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հարվածներ հասցնել և՛ Թուրքիային, և՛ տարածաշրջանի այլ կետերին:

«Այստեղ կա մի պրոբլեմ՝ դա հայ-ռուսական համատեղ հզորությունն է, բայց հզորությունը մնում է հզորություն: Հայաստանի անվտանգության համակարգն այս հարաբերությունների արդյունքում էապես աճել է», -ասել է բանախոսը:

Մանուչարյանի խոսքով՝ Ռուսաստանը պետք է դադարի Հայաստանին նայել որպես մի տարածքի, որտեղ շատ մեծ հակառակորդ նյութ է կուտակվել:

«Վերջին մեկ տարում մեր արհեստական հարձակումները Ռուսաստանի վրա ստեղծեցին տպավորություն, թե այստեղ էլ բնակչության մեջ կա թշնամական վերաբերմունք: Երբ որ կվերականգնենք բարեկամական հարաբերությունները, առաջին հերթին, ռուս ժողովրդի, իսկ անվտանգության հարցերում՝ ռուս իշխանությունների հետ, կունենանք լրիվ հակառակ քաղաքականություն: Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի այստեղ վերադառնան իր տարածքում ապրող բոլոր հայերը, որպեսզի այստեղ շատ ամուր ու զարգացող երկիր լինի», -ասել է Մանուչարյանը:

Այնուամենայնիվ, բանախոսն ընդունել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին իրականացվելիք Հայաստան այցելությունն անցնելու է բարդ իրավիճակում:

Ըստ Մանուչարյանի՝ Պուտինը շատ լավ գիտի ժողովրդի վերաբերմունքը գործող իշխանությանը, այնպես որ «նա պետք է մաքսիմալ ցույց տա, որ գալիս է հանդիպելու ոչ թե իշխանության հետ, այլև՝ ժողովրդի ու երկրի»:

Հարցին, թե տեսակետներ կան, որ  Պուտինի համար Հայաստանը արդեն որպես Ռուսաստանի մարզ է ընկալվում, Մանուչարյանն ասել է, թե Հայաստանում ոչ թե ժողովուրդն է համաձայնել մտնել Մաքսային միություն, այլև Միացյալ նահանգների կողմից ձևավորված Հայաստանի իշխանական համակարգն է տվել այդ համաձայնությունը:

«Հակառակ  դեպքում կգլխատվեր այդ համակարգը և կկազմաքանդվեր: Ռուսաստանը  բավականաչափ հզորություն ունի Հայաստանում: Իսկ երբ նրան շատ են զայրացնում, ինչը վերջին 6 ամիսներին Միացյալ նահանգների կողմից ակտիվորեն և հատուկ արվում է այստեղ տարբեր եղանակներով, ՌԴ-ն դիմում է կտրուկ գործողությունների: Մի խայտառակ հարձակում է սկսվել Ռուսաստանի դեմ և ասվում է, որ ոչ թե Հայաստանի այսինչ ատյանն է դեմ Ռուսաստանին, այլև  ամբողջ Հայաստանն է դեմ: Արդյունքում մենք ստանում ենք շատ կարծր գործողություն Ռուսաստանի կողմից: Դա մեր գործարքը չէ և Հայաստանը բարեկամական Ռուսաստանին դեռ ասելու է իր խոսքը, որ մենք պետք է ունենանք բարեկամական հարաբերություններ և՛ Եվրոպայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Իրանի, և՛ Եգիպտոսի  հետ: Աշխարհում ամեն տեղ մենք կանք և մի տեղ մեզ  դարձնել թշնամի, մյուս տեղը բարեկամ՝ անմարդկային է», – եզրափակել է Մանուչարյանը:

Tekali Taxi