Home / Հայաստան / Նախագահականի դիմացից մարդկանց հեռացրել են «ռումբի» պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախագահականի դիմացից մարդկանց հեռացրել են «ռումբի» պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ ժամը 11.00-ի սահմաններում, նախագահական նստավայրի դիմաց գտնվող Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ հավաքվել են մեծ թվով ոստիկաններ, ինչպես նաև շտապ օգնության և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, ովքեր փակել են մուտքը դեպի մետրո։

Ոստիկանները Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել են, որ դա արվում է «մարդկանց անվտանգությունից ելնելով», քանի որ ահազանգ կա, թե մետրոյում ռումբ է տեղադրված: Ոստիկանները ստիպել են մետրոյի կայարանի մոտից հեռանալ նաև այդտեղ մեկ տարուց ավելի նստացույց անող Էմմա Սահակյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 06.30-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով մոտ 15 անձինք մոտեցել են նույն մետրոյի կայարանի մոտ նստացուց անող Աշոտ Խուդոյանի ընտանիքին ու, մտցնելով մեքենաները, հեռացրել են նստացույցի վայրից։ Էմմա Սահակյանն իրեն հեռացնելուց րոպեներ առաջ Epress.am-ին ասել է, որ իր իրերը ևս ակցիայի վայրից տարել են՝ թողնելով միայն մի պայուսակ:

Միջադեպից քիչ անց ԱԻՆ-ը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի «տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել»: