Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը հույս ունի, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կարձանագրի։ Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
«Մենք ողջունում ենք յուրաքանչյուր շփում, լիահույս ենք, որ երկու երկրները կկարողանան բարելավել իրենց հարաբերությունները։ Մենք կշարունակենք առաջ մղել լինել հայ-թուրքական արձանագրությունները, սակայն այս պահի դրությամբ ոչ մի լավ լուր չունեմ հաղորդելու։ Հույս ունեմ նրանք [Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները] կհանդիպեն այսօր, և որոշակի առաջընթաց կգրանցվի»,- ասել է դեսպանը։
Դավութօղլուն Երևան է ժամանել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին։ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը երեկ հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպում նախատեսված չէ։
Նշենք, որ նիստին զուգահեռ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում ՀՅԴ երիտասարդական միության, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության, «Ժառանգության» երիտթևի անդամները։ Դավութօղլուն հյուրանոց է մտել հետնամուտքից։
Տեսանյութը՝ News.am-ի