Home / Տեսանյութեր / Կառավարությունը պատրաստվում է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ ներդնել

Կառավարությունը պատրաստվում է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ ներդնել

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց հետո կառավարությունը պատրաստվում է մեկ այլ ծրագիր իրականացնել՝ նորից պարտադրանքի տեսքով: Այս անգամ խոսքը պարտադիր բժշկական ապահովագրության մասին է, որն ամենայն հավանականությամբ կներդրվի 2015 թվականից, նշում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կառավարությունն արդեն հանձնարարել է պետական առողջապահական գործակալությանը համապատասխան հայեցակարգ մշակել: Գործակալության պետ Սարո Ծատուրյանը «Ազատության» հետ զրույցում չի ցանկացել առհասարակ համեմատականներ անցկացնել պարտադիր կուտակային կենսաթոշակի և պարտադիր բժշկական ապահովագրության համակարգերի միջև՝ ասելով, որ այստեղ տարիքային սահմանափակում չկա, եթե հիվանդ ես՝ ազատ տնօրինիր գումարդ:

Մեկնաբանելով ներդրվելիք համակարգի՝ պարտադիր լինելու անհրաժեշտությունը, Ծատուրյանը, մասնավորապես, ասել է․ «Հայտնի բան է, որ բժշկական ապահովագրությունից օգտվելու ավելի մեծ ցանկություն են ունենում, որպես կանոն, ավելի հիվանդ մարդիկ, ովքեր արդեն իսկ խնդիր ունեն և դրա համար ուզում են քիչ վճարելով շատ ծառայություններից օգտվել: Բայց այդպես չի լինում: Պարտադիր ապահովագրության գաղափարը նրանում է կայանում, որ երիտասարդները տարեցներին սուբսիդավորեն, հարուստները աղքատներին, քանի որ տոկոսային առումով ավելի շատ են մուծելու, քան թե ցածր եկամուտ ունեցողը»:

Պարտադիր բժշկական ապահովագրությունը ևս տարածվելու է աշխատող քաղաքացիների վրա, որոնց աշխատավարձից, փաստորեն, մի մաս էլ պետք է պահվի ապահովագրավճարները կատարելու նպատակով: Դեռևս հստակեցված, թե դա աշխատավարձի ի՞նչ տոկոսը կկազմի, հայտնի չէ նաև, թե հատկապես ո՞ր հիվանդությունների դեպքում է մարդ կարողանալու օգտվել այդ համակարգից: Որոշ հաշվարկներ, սակայն արդեն արվում են, ասել է Ծատուրյանը․ «Հիվանդանոցային ծառայությունների բազային փաթեթով ապահովելու համար, մեր նախնական հաշվարկներով, կարող է կազմել 2-ից 3 հազար ամսական: Եթե մենք, օրինակ, ընդլայնենք այդ փաթեթը և ապահովագրությունը տարածենք նաև արտահիվանդանոցային բուժօգնության վրա, ապա այդ գումարը կարող է աճել և կազմել առավելագույնը մինչև 5-ից 6 հազար դրամ ամսական: Դա մեր նախնական հաշվարկներով»:

Ըստ պետական այրերի՝ 5-6000 դրամը մեծ ծախս չէ քաղաքացիների համար, հատկապես, եթե բանը հանկարծ հասնի սրտի վիրահատության:

Հոդվածն ամբողջությամբ` azatutyun.am

Tekali Taxi