Գլխավոր / Հայաստան / Տիգրան Սարգսյանը պնդում է՝ գազի պայմանագրերը Հայաստանի համար ձեռնտու են

Տիգրան Սարգսյանը պնդում է՝ գազի պայմանագրերը Հայաստանի համար ձեռնտու են

Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազի պայմանագրերը հաջողված են, որովհետև դրանք ստորագրելով Հայաստանի Հանրապետությունը ստացել է արտոնյալ պայմաններով գազ ստանալու հնարավորություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Առաջին հերթին, մենք երաշխավորված ենք, որ գազի գների էական տատանումները Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու և այս պայմանագրերը արձանագրել են խաղի կանոնները: Ցավոք սրտի, այս համաձայնագրերի քննարկման ժամանակ շատ մեծ էր սպեկուլյացիան, որի պատճառով էությունը մի կողմ դրվեց: Առաջին և կարևորագույն համաձայնությունը եղել է հետևյալը. մոտակա հինգ տարիների ընթացքում գազի գինը Հայաստանի Հանրապետությունում ձևավորվելու է հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության գազի գինն իր ներքին սպառողի համար: Դա նշանակում է, որ 30 տոկոսանոց մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար չեն կիրառվելու: Սա մեր բանակցության բուն առարկան էր: Սա մեկ:

Երկրորդ՝ ինչպես էր բանակցվում սակագինը և ինչու այս երեք տարիների ընթացքում մենք չէինք կարողանում հայտարարել մեր քաղաքացիներին, թե վերջիվերջո այս սակագինն այդ երեք տարիների համար ինչպիսին էր: Այն պարզ պատճառով, որ «Գազպրոմ»  ընկերության կողմից մեզ առաջարկված սակագները մեզ համար անընդունելի էին և այն բեռը, որ պետք է դրվեր մեր քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների վրա, այնպիսի բեռ էր, որ մենք ի վիճակի չէինք լինելու այդ բեռի տակից դուրս գալ, որովհետև 1000 խմ մետր գազի համար 180-ից հասնել 270 դոլարի մեզ համար, մեր տնտեսության համար կլիներ ուղղակի կործանարար: Իսկ մեզ առաջարկվում էր հենց այդ գինը ժամանակի ընթացքում:

Ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար՝ հասնելով 310, 340 դոլարի սահմանին, որը հասկանալի է՝ մեզ համար անընդունելի էր: Բանակցությունների այդ երեք տարիների ընթացքում քննարկվել են բազմաթիվ ձևեր, եղանակներ, մեթոդներ, թե ինչպես կարելի է այս խնդիրը լուծել, որպեսզի մեր սպառողների վրա գազի էական թանկացումներ չլինեն: Այդ բանակցությունները հնարավոր եղավ ավարտել միայն այս տարի և մենք բոլոր հարցերի շուրջ եկանք համաձայնության: Հասկանալի է, որ «Գազպրոմ»ի և «ՀայՌուսգազարդ»ի հարաբերություններում առաջացել էին իրավական խնդիրներ, քանի որ Ռուսաստանի «Գազպրոմ»-ը «ՀայՌուսգազարդ»-ին մատակարարել էր այն գներով, որոնք իրենք որպես երկու տնտեսվարող սուբյեկտներ իրար հետ պայմանավորվել էին, բայց այդ պայմանավորվածություններին դեմ էր կառավարությունը:

Դա էր պատճառը, որ կառավարությունը որոշում ընդունեց և կարգավորող հանձնաժողովին՝ Ռոբերտ Նազարյանին, խնդրեց, որպեսզի այդ սակագները կիրառվեն 30 տոկոսանոց զեղչով, քանի որ մենք բանակցությունների ընթացքում արդեն համաձայնության էինք գալիս, որ մեր նկատմամբ կիրառվելու են որոշակի զեղչեր: Այդ տարիների ընթացքում այն պարտքերը, որ կուտակել էր «ՀայՌուսգազարդ»-ը «Գազպրոմ»-ի նկատմամբ դարձավ խնդիր, որը պետք է մենք լուծեինք: Քաղաքական համաձայնությունն այն էր, որ այդ խնդրի 50 տոկոսն իր վրա վերցրեց Ռուսաստանը, 50 տոկոսը՝ մենք: Իհարկե, ցանկալի էր, որ մենք այդ լուծումն այնպես տայինք, որ մեր կանխիկ հոսքերի, բյուջետային ծախսերի վրա չազդեր, և խոսք գնաց այդ 20 տոկոս բաժնետոմսերի մասին: Տնտեսագետները, որոնք առնչվում են նման գործարքների հետ կարող են հանրությանը ներկայացնել, թե ինչ մեթոդներ կան ընդհանրապես բաժնետիրական ընկերությունների շուկայական գինը որոշելու պարագայում: Որպես հիմք կարելի է վերցնել ՀայՌուսգազարդի շահույթը, գնահատել, թե տարեկան ինչքան մաքուր շահույթ է ստացել այդ ընկերությունը, պայմանավորվածության գալ, թե այդ շահութաբերության մակարդակը քանի տարվա հիմքով պետք է ձևավորի շուկայական գինը և բազմապատկենք և ստանանք այդ ընկերության շուկայական գինը: Կան բազմաթիվ մեթոդներ, բայց բոլոր մեթոդները, որոնք մենք կիրառել ենք, ցույց են տվել, որ 150 մլն դոլարը 20 տոկոսի համար  մեզ համար, մեղմ ասած, շատ ընդունելի տարբերակ է: Դրա համար մենք համաձայնեցինք, որ կարող ենք այդ 20 տոկոսը զիջել, մանավանդ հաշվի առնելով այն առանձնահատկությունը, որ «ՀայՌուսգազարդ»-ի շահութաբերության մակարդակը բարձր չէ, բայց մոտակա տարիների ընթացքում ներդրումային մեծածավալ աշխատանք պետք է կատարվի, որովհետևֆիզիկական մաշվածության աստիճանը բավականին բարձր է, դա նշանակում է, որ այդ 20 տոկոսից մենք դիվիդենտ չենք կարող ակնկալել, քանի որ այդ դիվիդինետներն ընկերությունը ներդնելու է և պետք է ներկայացնի նոր ներդրումային ծրագրեր, իսկ այդ դաշտն ամբողջությամբ գտնվում է կարգավորման ոլորտում, այսինքն գները կարգավորվում են պետության կողմից, կարգավորումը գտնվում է կարգավորող հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում: Այդ առումով այդ 20 տոկոսի զիջումը մեզ համար որևէ վտանգ չի ներկայացնում, որովհետև բոլոր որոշումները, որոնք կայացվում են «ՀայՌուսգազարդ»-ի կողմից, մեզ համար վերահսկելի են և մեզ հետ պարտադիր պետք է համաձայնեցվեն», – հայտարարել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ արդյունքում Հայաստանը երեք տարվա բանակցությունների ընթացքում կուտակված պարտքի հարցը լուծեց, բացի դա, ապագա հինգ տարիների համար ստացավ երաշխավորված մեխանիզմ՝ ինչպես է գազի գինը Հայաստանի Հանրապետությունում ձևավորվելու:

Նա նաև անդրադարձել է այն խնդրին, որ պայմանագիրը կնքվել է 30 տարևով:

«Ինչու 30 տարով. այն պարզ պատճառով, որ այս ոլորտը կարգավորվող ոլորտ է: Ընդհանրապես, կարգավորվող ոլորտներում ներդրողների հետ խոսակցությունը վարվում է 30-35 տարվա կտրվածքով, որովհետև այդ ընկերությունների շահութաբերության մակարդակը պայմանավորված է լինելու Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործելակերպով. ինչպիսին կլինի շահութահարկը, գույքահարկը 10, 20, 30 տարի հետո, ինչպիսի բնապահպանական նոր նորմեր 30 տարիների ընթացքում մենք կարող ենք սահմանել և այլն», – ասել է վարչապետը:

Tekali Taxi